Accessibility links

Breaking News

Գազայի բնակչությանը պետք է ապահովել մարդասիրական օգնությամբ


(FILE) Trucks with humanitarian aid for the 'Gaza Strip enter from Egypt.
(FILE) Trucks with humanitarian aid for the 'Gaza Strip enter from Egypt.

Հոկտեմբերի 7-ին «Համասի» կողմից Իսրայելի նկատմամբ իրականացված ահաբեկչական գրոհը արյունալի պատերազմի սկիզբը դրեց։ Ինչպես միշտ, երկու կողմում ծանր գին է վճարում խաղաղ բնակչությունը։

«Համասի» նախաձեռնած հարձակումների և Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով սպանվել ու վիրավորվել են ավելի քան 30 երկրների հազարավոր քաղաքացիներ։

Լայնածավալ ռմբակոծությունից առաջ Իսրայելը հանդես եկավ Գազայի քաղաքացիական բնակչությանն ուղղված հատուկ նախազգուշացմամբ՝ կոչ անելով հեռանալ վտանգավոր գոտուց։ Այնուամենայնիվ, «Համասի» կարգադրությամբ բազմաթիվ պաղեստինցիներ մնացին իրենց տներում, կամ փակեցին ճանապարհները՝ թույլ չտալով այլոց հեռանալ։ Ակնհայտ է՝ նպատակ կա խաղաղ բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան։

«Գիտենք, որ «Համասը» չի ներկայացնում պաղեստինցի ժողովրդին, և պաղեստինցի խաղաղ բնակիչները մեղավոր չեն «Համասի» իրականացրած արյունալի սպանդի համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Պաղեստինի քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի»։

Գազայի հատվածը՝ Միջերկրական ծովի ափի երկայնքով 41 կիլոմետր երկարությամբ և 6-ից 12 կիլոմետր լայնությամբ ձգվող մի երկրամաս է՝ 365 քառակուսի կիլոմետր, սակայն խիտ բնակեցված՝ այդտեղ բնակվում է մոտ 2,4 միլիոն մարդ։ Հատվածի ներսում արդեն իսկ տեղահանվել է գրեթե մեկ միլիոն պաղեստինցի՝ հնարավորություն չունենալով, սակայն, լքել Գազան։ Ուստի, մարդասիրական օգնությունը կենսական նշանակություն ունի նրանց գոյատևման համար։

«Շարունակում ենք համակարգել մեր գործողությունները Եգիպտոսի, Իսրայելի և տարածաշրջանի գործընկերների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության հետ՝ ստեղծելու մեխանիզմներ, որոնք թույլ կտան կայուն կերպով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի խաղաղ բնակչությանը՝ հնարավորություն չտալով «Համասին», կամ որևէ այլ ահաբեկչական խմբավորման օգտվել դրանից»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։

«Միացյալ Նահանգները լրացուցիչ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է ցուցաբերել Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիներին՝ նախորդ երկուսուկես տարում Պաղեստինի ժողովրդին տրամադրված ընդհանուր օգնությունը հասցնելով ավելի քան 1,6 միլիարդ դոլարի։ Այսպիսով, Միացյալ Նահանգները Պաղեստինի ժողովրդին հատկացրել է պետությունների կողմից տրամադրված օգնություններից ամենածավալունը։ Կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես նրանց, ովքեր օգնություն ցուցաբերելու առավելագույն հնարավորություններ ունեն, միանալ մեզ՝ ի պատասխան Գազայում մարդասիրական իրավիճակը բարելավելու ՄԱԿ-ի ահազանգի»։

«Այս և ցանկացած այլ հակամարտության ընթացքում անմեղ կյանքեր փրկելու մեր ջանքերի հիմքում մեր համոզմունքն է, որ յուրաքանչյուր քաղաքացիական կյանք հավասարապես արժեքավոր է»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Երբ խոսքը վերաբերում է քաղաքացիական անձանց կյանքի պաշտպանությանը, այն չի կարող ստորադասվել։ Քաղաքացիական անձը՝ քաղաքացիական անձ է՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, անկախ նրա էթնիկ պատկանելությունից, տարիքից, սեռից և դավանանքից»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG