Accessibility links

Breaking News

Պուտինի սխալ հաշվարկը


Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց ռուսական ռազմական ուժերին և հետախուզական ծառայություններին ներխուժել Ուկրաինա։

Պուտինի հաշվարկով՝ Ռուսաստանի բանակը կարող էր ևս մեկ անգամ խախտել Ուկրաինայի սահմանները, ինչը գուցե ունենար մի փոքր ավելի լուրջ հետևանքներ, քան ամբողջ աշխարհի կողմից դատապարտումը՝ ի հեճուկս անհապաղ և ծանր հետևանքների վերաբերյալ Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների և գործընկերների խոստումներին, ինչպես նաև Ռուսաստանի անվտանգության խնդիրները քննարկելու լայն դիվանագիտական ընդգրկուն ջանքերին։ Պուտինի հաշվարկը սխալ էր։

«Վլադիմիր Պուտինը փորձեց սասանել ազատ աշխարհի հիմքերը՝ մտածելով, որ այն տեղի կտա իր սպառնալիքներին։ Սակայն նա չարաչար սխալվեց։ Նա կարծում էր, որ կարող է ներխուժել Ուկրաինա, և աշխարհը կհանդուրժի դա», նշել է նախագահ Ջո Բայդենը մարտի 1-ին Երկրի կացության մասին ամենամյա ուղերձում։ «Նա կարծում էր, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն չեն արձագանքի։ Եվ նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել մեր տանը։ Պուտինը սխալվեց։ Մենք պատրաստ էինք»։

«Մենք պատրաստվել ենք հիմնովին և հանգամանալի կերպով։ Մենք ամիսներ ենք ծախսել Եվրոպայից և Ամերիկայից մինչև Ասիա և Աֆրիկա այլ ազատատենչ երկրների հետ կոալիցիա կազմելու համար՝ Պուտինին դիմակայելու նպատակով»։

«Մենք նախօրոք աշխարհին տեղեկացրել էինք այն, ինչ գիտեինք, թե ինչ է Պուտինը ծրագրում և ինչպես է նա փորձելու կեղծ արդարացնել իր ագրեսիան», ասել է նախագահ Բայդենը։ «Մենք ճշմարտությամբ հակադարձեցինք Ռուսաստանի ստերին։ Եվ այժմ, երբ նա դիմեց այդ քայլին, ազատ աշխարհը պատասխանատվության է ենթարկում նրան»։

«Մենք հեռացնում ենք Ռուսաստանի խոշորագույն բանկերը միջազգային ֆինանսական համակարգից։ Զրկում ենք Ռուսաստանի կենտրոնական բանկին ռուսական ռուբլին պաշտպանելու իր լծակներից՝ ըստ էության արժեզրկելով Պուտինի 630 միլիարդ դոլարանոց «պատերազմական հիմնադրամը»։ Մենք փակում ենք Ռուսաստանի հասանելիությունը տեխնոլոգիաներին, ինչը կխաթարի նրա տնտեսական հզորությունը և կթուլացնի նրա բանակը երկար տարիների ընթացքում»։

Մենք փակում ենք ամերիկյան օդային տարածքը ռուսական օդանավերի թռիչքների համար, ավելի շատ ենք մեկուսացնում Ռուսաստանը և ավելի ենք ճնշում նրա տնտեսությունը։ Մենք թիրախավորում ենք Ռուսաստանի օլիգարխներին և կոռումպացված ղեկավարներին՝ առգրավելով նրանց ապօրինի ձեռքբերումները։ Միևնույն ժամանակ սատարում ենք ուկրաինացի ժողովրդին, որը հերոսաբար դիմադրում է ռուսական ներխուժմանը։

«Մեր դաշնակիցների հետ միասին մենք աջակցություն ենք ցուցաբերում ուկրաինացիներին ազատության համար իրենց պայքարում։ Ռազմական օգնություն։ Տնտեսական օգնություն։ Մարդասիրական օգնություն։ Մենք ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնություն ենք տրամադրել Ուկրաինային։ Եվ մենք կշարունակենք օգնել ուկրաինացի ժողովրդին՝ սատարելով իրենց երկիրը պաշտպանելու ջանքերը և օգնելով թեթևացնել նրանց տառապանքը»։

«Մեր պատմությունից սերտել ենք այս դասը, երբ բռնապետերն իրենց ագրեսիայի համար գին չեն վճարում, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում», ասել է Նախագահ Բայդենը։ «Պուտինը բռնություն և քաոս է սանձազերծել։ Թեև նա կարող է հաջողության հասնել մարտի դաշտում, երկարաժամկետ հեռանկարում նա բարձր գին կվճարի»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG