Accessibility links

Breaking News

Պարգևատրում ռուս կիբերհանցագործների մասին տեղեկություն տրամադրելու համար


Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

ԱՄՆ Պետքարտուղարության «Պարգևատրում արդարադատությանն աջակցության համար» ծրագիրն առաջարկում է մինչև 10 միլիոն դոլար պարգևատրում ցանկացած անձի նույնականացման կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար, որը, գործելով օտարերկրյա պետության կառավարության վերահսկողության ներքո, մասնակցում է ԱՄՆ-ի կենսական նշանակության ենթակառուցվածքի դեմ ուղղված վնասարար կիբեր գործողություններին՝ խախտելով «Համակարգչային խարդախության և չարաշահումների մասին» օրենքը։

«Պարգևատրում արդարադատությանն աջակցության համար» ծրագիրը տեղեկատվություն է հայցում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության կամ ԳՀՎ-ի վեց սպաների մասին՝ հանցավոր դավադրությանը նրանց մասնակցության առնչությամբ, որը ներառում է ԱՄՆ-ի կենսական նշանակության ենթակառուցվածքի վրա ազդող վնասարար կիբեր գործունեություն։

ԳՀՎ-ի սպաներ Յուրի Սերգեևիչ Անդրիենկոն, Սերգեյ Վլադիմիրովիչ Դետիստովը, Պավել Վալերիևիչ Ֆրոլովը, Անատոլի Սերգեևիչ Կովալյովը, Արտյոմ Վալերիևիչ Օչիչենկոն և Պյոտր Նիկոլաևիչ Պլիսկինը եղել են դավադրության մասնակիցներ, որոնք կիրառել են խաթարող վնասաբեր ծրագրեր և ձեռնարկել են Ռուսաստանի ռազմավարական շահերից բխող այլ խաթարիչ գործողություններ՝ թիրախավորված համակարգիչներ չարտոնված մուտք գործելու միջոցով։

Բոլոր վեց անձինք աշխատում են ԳՀՎ-ի 74455 ստորաբաժնում։ Կիբերանվտանգության հետազոտողների շրջանում այն հայտնի է նաև Sandworm Team, Telebots, Voodoo Bear և Iron Viking անվանումներով։

Նշված անձինք եղել են հանցավոր դավադրության մասնակիցներ, որոնք պատասխանատու են 2017 թվականի հունիսի 27-ին Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում համակարգիչների վարակման համար մի վնասարար ծրագրով, որը հայտնի է NotPetya անվանումով։ Այդ կիբեր հարձակումները վնասել են Փենսիլվանիա նահանգի արևմուտքում ամերիկյան խոշոր դեղագործական արտադրող Heritage Valley առողջապահական համակարգում ընդգրկված հիվանդանոցների և այլ բժշկական հաստատությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնավոր հատվածի այլ կազմակերպությունների համակարգիչները։ Վնասաբեր կիբեր գործունեությունը ԱՄՆ-ի այս կազմակերպություններին ընդհանուր առմամբ պատճառել է գրեթե 1 միլիարդ դոլարի վնաս։

2020 թվականի հոկտեմբերի 15-ին դաշնային մեծ ժյուրին այս վեց ռուս սպաներին մեղադրանք է առաջադրել համակարգչային խարդախություն և չարաշահումներ կատարելու նպատակով դավադրության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ համակարգչային խարդախություն կատարելու նպատակով դավադրության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ համակարգչային խարդախության կատարման, պաշտպանված համակարգիչների վնասման և ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալների գողության համար։

1984 թվականին Դիվանագիտական անվտանգության ծառայության կողմից կառավարվող «Պարգևատրում արդարադատությանն աջակցության համար» ծրագրի հիմնադրումից ի վեր այն ավելի քան 200 միլիոն դոլար է վճարել ամբողջ աշխարհում 100-ից ավելի անձանց, որոնք գործուն տեղեկություններ են տրամադրել՝ օգնելով կանխել ահաբեկչությունը, պատասխանատվության ենթարկել ահաբեկչական խմբավորումների պարագլուխներին և չեզոքացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները։ «Պարգևատրում արդարադատությանն աջակցության համար» ծրագրի նորություններին կարելի է հետևել Թվիթերում https://twitter.com/RFJ_USA հասցեով։

Պարգևատրման այս առաջարկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք «Պարգևատրում արդարադատությանն աջակցության համար» վեբկայքը https://rewardsforjustice.net հասցեով։ Տրամադրված ցանկացած տեղեկություն խիստ գաղտնի է պահվում։

XS
SM
MD
LG