Accessibility links

Breaking News

Դրամական խրախուսում Sodinokibi շորթող ծրագիր օգտագործող խմբավորման ղեկավարների մասին տեղեկատվության համար


Միացյալ Նահանգները հետամուտ է լինելու պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր օգտագործում են շորթող ծրագրեր ընդդեմ ամերիկյան և իր դաշնակիցների շահերի։

Շորթող ծրագրերի [և կիբեռ միջադեպերի] դեմ պայքարի իր հանձնառության շրջանակներում՝ Պետքարտուղարությունը հայտարարում է մինչև 10,000,000 ԱՄՆ դոլար դրամական խրախուսում տեղեկատվության համար, որը կհանգեցնի Sodinokibi շորթող ծրագիր օգտագործող անդրազգային կազմակերպված հանցավոր խմբավորման ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց նույնականացմանը կամ բացահայտմանը։ Բացի այդ, Պետքարտուղարությունն առաջարկում է մինչև 5,000,000 ԱՄՆ դոլար խրախուսում այն տեղեկատվության համար, որը կհանգեցնի Sodinokibi շորթող ծրագրի միջոցով կիբեռ միջադեպին մասնակցության կամ մասնակցության փորձի նպատակով դավադիր համաձայնության եկող ցանկացած անձի ձերբակալմանը և (կամ) դատապարտմանը որևէ երկրում։

Շորթող ծրագրերի ծառայություններ մատուցող Sodinokibi խմբավորումը, որը հայտնի է նաև որպես REvil, պատասխանատու է հիմնականում Ավստրալիա և Միացյալ Նահանգներ գյուղատնտեսական մթերք մատակարարող «JBS Foods» ընկերության վրա կիբեռհարձակման համար, ինչը լրջորեն խափանել է սննդի մշակման և առաքման գործընթացը։ Sodinokibi-ի հետ է կապված նաև հարձակումը «Kaseya» ընկերության դեմ, որը ՏՏ կառավարման գործիքներ է տրամադրում հազարավոր փոքր ձեռնարկությունների և կառավարվող ծառայություններ մատուցողների։ Հարձակման հետևանքով տուժել է ոչ միայն ընկերության, այլև ամբողջ աշխարհում իր հաճախորդների գործունեությունը։

Խրախուսումը տրամադրվում է Պետքարտուղարության՝ Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աջակցության պարգևատրման ծրագրի շրջանակներում։ Պետքարտուղարությունն իրականացնում է ծրագիրը դաշնային իրավապահ մարմինների իր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ՝ ամբողջ աշխարհում անդրազգային կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ կիբեռհանցավորության, կանխարգելման և վերացման նպատակով։

1986 թվականից ի վեր ավելի քան 75 անդրազգային հանցագործներ և թմրամիջոցների ապօրինի առևտրով զբաղվողներ պատասխանատվության են ենթարկվել Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աջակցության պարգևատրման ծրագրի և Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աջակցության պարգևատրման ծրագրի շրջանակներում։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է ամբողջ աշխարհում շորթող ծրագրերի բոլոր զոհերին կիբեռհանցագործների շահագործումից պաշտպանելու իր հանձառությանը», նշել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, «և մենք հուսով ենք, որ այն երկրները, որոնք թաքցնում են շորթող ծրագրեր օգտագործող կիբեռհանցագործներին, արդարադատություն կապահովեն կիբեռհարձակումների զոհ դարձած ձեռնարկությունների և կազմակերպությունների համար»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG