Accessibility links

Breaking News

Ռուսաստանն ապօրինաբար զենք է գնում ԿԺԴՀ-ից և Իրանից


Russian Wagner Group Mercenaries in Mali. (FILE)
Russian Wagner Group Mercenaries in Mali. (FILE)

Ռուսաստանի Դաշնությունը, հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ զենք ձեռք բերելով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունից (ԿԺԴՀ) և Իրանից՝ Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմի նպատակով։

Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն այս գործողություններն անվանել է «նողկալի»։
«Միացյալ Նահանգները կարող է հաստատել, որ ԿԺԴՀ-ն իրականացրել է սպառազինության առաջին խմբաքանակի մատակարարումը Վագներ անվանումով հայտնի ռուսական մասնավոր ռազմական ընկերությանը, որը վճարել է սարքավորումների համար և ներկայում հազարավոր զինյալներ ունի տեղակայված Ուկրաինայում», ասվում է դեսպան Թոմաս-Գրինֆիլդի հայտարարության մեջ։ Նոյեմբերին ԿԺԴՀ-ն Ռուսաստանին հրետանային արկեր և հրթիռներ է մատակարարել՝ Վագների ՄՌԸ-ի ստորաբաժանումների կողմից օգտագործելու համար։ Մասամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների և արտահանման վերահսկողության պատճառով է, որ Վագների ՄՌԸ-ն ամբողջ աշխարհում փնտրում է զենքի մատակարարներ՝ Ուկրաինայում իր ռազմական գործողություններին աջակցելու համար։ «Ըստ մեր գնահատման՝ Վագների խմբին մատակարարված տեխնիկայի քանակը չի փոխի Ուկրաինայում մարտական գործողությունների դինամիկան», ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը, «բայց մենք մտահոգված ենք, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում է ավելի շատ ռազմական տեխնիկա մատակարարել Վագների խմբին»։

Տարիներ շարունակ Կրեմլն օգտագործել է Վագների խումբը իր վտանգավոր և ապակայունացնող արտաքին քաղաքականությանն աջակցելու համար՝ փորձելով պահպանել ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ուկրաինայում։ ԿԺԴՀ-ից զենքի ձեռքբերումը Ուկրաինայի դեմ հարձակումների համար նաև նպաստում է անկայունությանը Կորեական թերակղզում, քանի որ Փհենյանին տրամադրվում են միջոցներ, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքերի և բալիստիկ հրթիռների ստեղծման արգելված ծրագրերի հետագա զարգացման համար։

Զենքի մատակարարումները տեղի են ունենում այն պարագայում, երբ Փհենյանը 2022 թվականին արձակել է աննախադեպ թվով բալիստիկ հրթիռներ։ Այդ արձակումներից յուրաքանչյուրը խախտել է Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևեր, որոնց համար Անվտանգության խորհուրդը պետք է պատասխանատվության ենթարկի ԿԺԴՀ-ին։ «Ռուսաստանը ոչ միայն պաշտպանում է ԿԺԴՀ-ին, որը հանդես է գալիս անօրինական և սպառնալից պահվածքով, այլ Ռուսաստանն այժմ ինքն է այդպիսի պահվածք դրսևորում», հայտարարել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։

Միացյալ Նահանգները կբարձրաձայնի ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտումների մասին Անվտանգության խորհրդի հետագա նիստերում։
Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի ԿԺԴՀ-ից և Իրանից զենքի անօրինական գնումների համար՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու նպատակով։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG