«Ուկրաինայում այժմ 5,9 միլիոն ներքին տեղահանվածներ կան, որոնք այս տարի ստիպված են եղել լքել իրենց տները», վերջերս ճեպազրույցում նշել է քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով փոխպետքարտուղար Ուզրա Զեյան։ Ավելի քան 7,8 միլիոն մարդ հեռացել է երկրից՝ դառնալով փախստական։
Խստաշունչ ձմեռը սկսվելուն պես միլիոնավոր ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության, ջրի և ջեռուցման՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի չդադարող հարձակումների պատճառով։
Բացի այդ, ռուսական զտման գործողությունները և ուկրաինացիների բռնի տեղահանումները շարունակում են հանգեցնել սարսափելի հետևանքների՝ ներառյալ 11,000 ուկրաինացի երեխաների առևանգումը և բռնի որդեգրումները։
«Դժվար է գերագնահատել Կրեմլի սարսափելի զտման գործողություններին ենթարկված ավելի քան մեկ միլիոն խաղաղ բնակիչների վախն ու տառապանքը», ընդգծել է պետքարտուղարի տեղակալ Զեյան։ «Զտման զոհերը պատմում են Ուկրաինայի հարավում և արևելքում Ռուսաստանի անվտանգության ուժերի և նրանց վստահված անձանց կողմից սպառնալիքների, հետապնդումների և խոշտանգումների դեպքերի մասին։ Նրանցից վերցրել են կենսաչափական տվյալներ, առգրավել փաստաթղթեր և նրանց զրկել են կապի միջոցներից»։
Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու այն վայրագությունների և սանձարձակությունների համար, որոնք նրանք շարունակում են իրականացնել Ուկրաինայում։ «Մենք միջազգային քննիչների և դատախազների խմբեր ենք ուղարկել՝ օգնելու Ուկրաինայի գլխավոր դատախազությանը ռազմական հանցագործությունների վերաբերյալ գործերը փաստաթղթավորելու, պահպանելու և քրեական հետապնդման համար նախապատրաստելու հարցում», նշել է պետքարտուղարի տեղակալ Զեյան։
Պետքարտուղարության աջակցությամբ իրականացվող «Հակամարտության ուսումնասիրման» ծրագիրն անկախ կերպով արձանագրում, վերլուծում և հրապարակային ապացույցներ է ներկայացնում Ուկրաինայում Ռուսաստանի և նրա կողմից աջակցվող ուժերի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների և այլ վայրագությունների մասին։ Վերջերս «Հակամարտության ուսումնասիրում» ծրագիրը հրապարակել է վերլուծություն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված զանգվածային հարձակումների վերաբերյալ, որոնց նպատակն է այս ցրտաշունչ ձմռանը քաղաքացիներին զրկել ջերմությունից և էլեկտրաէներգիայից։
Ծրագիրը մանրամասն ներկայացրել է նաև հարյուրավոր անձանց փորձառությունը, որոնք պատմում են, որ դարձել են խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի զոհեր, վերապրածներ կամ վկաներ։ «Ցավոք, սրանք հասցված վնասի ահռելի և աղետալի մասշտաբի միայն օրինակներ են», նշել է փոխպետքարտուղար Զեյան։
Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցներն ու գործընկերները Եվրոպայում և ամբողջ աշխարհում կշարունակեն սատարել Ուկրաինային և նրա ժողովրդին։ Ինչպես հայտարարել է պետքարտուղար Բլինքենը, «Ուկրաինային աջակցելու մեր հավաքական վճռականությունը եղել է և կմնա անսասան, այժմ, [պատերազմի] ողջ ընթացքում և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Ուկրաինային հաջողության հասնելու համար»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայում տեղի ունեցող վայրագությունների համար
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ավերիչ ագրեսիվ պատերազմը շարունակում է ուկրաինացիների կյանքեր խլել։