Accessibility links

Breaking News

Ռուսաստանը պետք է վերադարձնի ատոմային էլեկտրակայանի վերահսկողությունը Ուկրաինային


A security person stands in front of the Zaporizhzhia nuclear power plant, amid the ongoing Russian military action in Ukraine, Sept. 11, 2022.
A security person stands in front of the Zaporizhzhia nuclear power plant, amid the ongoing Russian military action in Ukraine, Sept. 11, 2022.

Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել պահպանելու միջուկային ապահովության և անվտանգության միջազգայնորեն ճանաչված չափանիշները Ուկրաինայի Զապորոժիեի ատոմակայանում, որը ռուսական զորքերը գրավել են մարտի 4-ին։

«Մենք սատարում ենք [Ատոմային էներգիայի միջազգային գործակալության] ՄԱԳԱՏԷ-ի մշտական, անխոչընդոտ և անվտանգ մուտքի ապահովումն ատոմակայան», ասել է ԱՄՆ դեսպան՝ ՄԱԿ-ում հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ջեֆրի ԴեԼաուրենտիսը։ «Դրա համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը թույլ տա ուկրաինացի օպերատորներին իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ՄԱԳԱՏԷ-ի խումբը և ուկրաինական անձնակազմը կհամարեն կարևոր կայանի անվտանգ և հուսալի շահագործման համար՝ միջուկային միջադեպի վտանգը նվազեցնելու նպատակով»։

ԱՄՆ-ն սատարում է Ուկրաինայի կոչը` ապառազմականացնել Զապորոժիեի հաստատության շրջակա տարածքը։ «Ռուսաստանն իրավունք չունի աշխարհը ենթարկել միջուկային աղետի անհարկի ռիսկի և աղետի հնարավորության», հայտարարել է դեսպան ԴեԼաուրենտիսը։

Ատոմակայանում կամ դրա շուրջը ցանկացած զինված բախում, որը, կարծես թե, տեղի է ունենում գրեթե ամեն օր, մեծացնում է միջուկային միջադեպի վտանգը։ Այդ տարածքում վերջին հրետակոծությունները կրկին հանգեցրել են էլեկտրահաղորդման արտաքին գծի անջատման՝ վտանգի տակ դնելով կայանի ապահով աշխատանքը։ Դեսպան ԴեԼաուրենտիսը «կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Ուկրաինայի միջուկային հաստատություններում կամ դրանց մերձակայքում և վերադարձնել ամբողջ վերահսկողությունը Ուկրաինային»։

«Ատոմակայանը և այնտեղ արտադրվող էլեկտրաէներգիան պատկանում են Ուկրաինային։ Ռուսաստանի ցանկացած փորձ՝ ուղղված Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանն Ուկրաինայից անջատելուն և արտադրված էլեկտրաէներգիան դեպի Ռուսաստան ուղղորդելուն, կլինի խիստ սադրիչ, եսասեր և անհեռատես քայլ», զգուշացրել է դեսպան ԴեԼաուրենտիսը։ «Մենք մերժում ենք Ռուսաստանի բոլոր ջանքերը՝ օգտագործելու ուկրաինական էլեկտրացանցը որպես խաղաքարտ այս չարդարացված պատերազմում, իսկ Ուկրաինայի ատոմակայանը՝ որպես ռազմական վահան կամ զորքի տեղակայման վայր»։

«Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերջ տա իր անխոհեմ պահվածքին և անհապաղ դուրս բերի իր զորքերը ոչ միայն Զապորոժիեի շրջակա տարածքից, այլև ամբողջ Ուկրաինայից», հորդորել է դեսպան ԴեԼաուրենտիսը։

Քանի որ այս հակամարտության զոհերի թիվը խաղաղ բնակիչների շրջանում գնալով ավելանում է, ժամանակն է, որ Ռուսաստանը լռեցնի իր թնդանոթները, դուրս բերի զորքերը Ուկրաինայից և ձեռնամուխ լինի դիվանագիտությանը։ Ռուսաստանը պարտավոր է հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG