Accessibility links

Breaking News

Ուկրաինացի երեխաներին գաղափարափոխելու և որդեգրելու Ռուսաստանի ծրագիրը


(FILE) Empty cribs at a playhouse in Kherson, Ukraine
(FILE) Empty cribs at a playhouse in Kherson, Ukraine

Ուկրաինային և նրա ժողովրդին հպատակեցնելու Ռուսաստանի ջանքերի ծավալը, շրջանակը և դաժանությունը շարունակում են սարսափեցնել աշխարհը, հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Այդ դաժանության ավելի վառ օրինակ, քան այն, ինչ Կրեմլն անում է Ուկրաինայի երեխաների հանդեպ, գոյություն չունի։ Յեյլի համալսարանի հումանիտար հետազոտությունների լաբորատորիայի կողմից վերջերս հրապարակված անկախ զեկույցը, որը ֆինանսավորվում է Պետքարտուղարության աջակցությամբ իրականացվող «Հակամարտության ուսումնասիրում» ծրագրի շրջանակներում, մանրամասնում է Ռուսաստանի համակարգված համապետական ջանքերը՝ ուկրաինացի հազարավոր երեխաների իրենց ընտանիքներից կամ խնամակալներից անորոշ ժամանակով հեռացնելու և տեղափոխելու Ուկրաինայի տարածքներ, որոնք գտնվում են Ռուսաստանի կառավարության վերահսկողության ներքո, ինչպես նաև Ռուսաստան՝ 43 ճամբարների և այլ հաստատությունների ցանցի միջոցով։

Ճամբարների մոտ 75%-ը, ըստ էության, դաստիարակչական կենտրոններ են, որտեղ ուկրաինացի երեխաներին տալիս են «ռուսաստանակենտրոն ակադեմիական, մշակութային, հայրենասիրական և/կամ ռազմական կրթություն...՝ ակնհայտ նպատակ ունենալով Ուկրաինայի երեխաներին ինտեգրելու ռուսական կառավարության՝ ազգային մշակույթի, պատմության և հասարակության տեսլականին», ասվում է զեկույցում։

«Շատ դեպքերում Ռուսաստանը ուկրաինացի երեխաներին անվճար ամառային ճամբար ուղարկելու պատրվակով ժամանակավորապես տարհանել է նրանց՝ հետագայում հրաժարվելով վերադարձնել երեխաներին և խզելով բոլոր շփումներն իրենց ընտանիքների հետ», նշել է խոսնակ Փրայսը։

«Նման գործողություններն ակնհայտորեն երկարաժամկետ լուրջ հետևանքներ կունենան այդ երեխաների զարգացման վրա։ Հաստատությունների ցանցը, որտեղ ուղարկում են երեխաներին, հսկայական է և տարածվում է Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմից, ամբողջ Ռուսաստանով, Սևծովյան տարածաշրջանից մինչև հեռավոր արևելք։ Զեկույցում մատնանշվում է, թե ինչպես են Ռուսաստանի կառավարության բոլոր մակարդակներում պաշտոնատար և այլ անձինք ներգրավված չարաշահման այս գործընթացներում»։

Ինչպես վերջերս հայտարարեց նախագահ Բայդենը, Ռուսաստանը «խլել է ուկրաինացի երեխաներին՝ փորձելով խլել Ուկրաինայի ապագան»։

«Ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխման, վերադաստիարակման և որդեգրման ռուսական համակարգը Կրեմլի համակարգված ջանքերի առանցքային տարրն է՝ ժխտելու և ճնշելու Ուկրաինայի ինքնությունը, նրա պատմությունը և մշակույթը։ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի կործանարար հետևանքները զգալի կլինեն գալիք սերունդների համար»։

Յեյլի համալսարանի զեկույցը և համանման այլ զեկույցներ ամրապնդում են ԱՄՆ-ի և միջազգային հանրության վճռականությունը՝ պատասխանատվության կանչելու Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և այլ վայրագությունների համար։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը կշարունակեն աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին այս զազրելի գործողություններից արդարության նրանց ձգտումներում այնքան ժամանակ, որքան կպահանջվի։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG