«Ռուսաստանը անողոք բռնությունների միջոցով ոչնչացնում է Ուկրաինայի ենթակառուցվածքները՝ սպանելով անթիվ խաղաղ բնակիչների, ստիպելով միլիոնավոր մարդկանց լքել իրենց տները և սպառնալով պարենային անվտանգությանն ու դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարմանը»,- հայտարարել է ՄԱԿ-ում հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ-ի այլընտրանքային ներկայացուցիչ Ռոբերթ Վուդը։ «Եվ հիմա, չկարողանալով տապալել Ուկրաինայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, Ռուսաստանը ձգտում է ընդլայնել հակամարտությունը»։
«Մենք տեսել ենք հաղորդագրություններ, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել և պատրաստվում է լրացուցիչ ուժեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի հետ միասին կռվելու համար։ … Եթե Ռուսաստանն իսկապես դիմում է Հյուսիսային Կորեային ռազմուժ ստանալու համար, ապա այն Կրեմլի հուսահատ վիճակի մասին նշան է»։
«Ռուսաստանը չի կարող շարունակել իր ագրեսիան առանց կողմնակի օգնության, ինչը նշանակում է, որ այս պատերազմը կավարտվի, եթե Իրանը և Հյուսիսային Կորեան դադարեցնեն ռազմական օգնությունը, իսկ Չինաստանը դադարեցնի երկակի նշանակության ռազմական բաղադրիչների փոխանցումը [Կրեմլին]»,- նշել է դեսպան Վուդը։ «Նման գործընկերությունները խորացնում են խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները Ուկրաինայի սահմաններից դուրս՝ ոչ միայն Եվրոպայում, այլև Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։
«Մոսկվան ձգտում էր կասեցնել Ուկրաինայից պարենի արտահանումը մատակարարման շղթայի բոլոր օղակներում՝ ոչնչացնելով ինչպես պարենը, այնպես էլ դրա արտադրության և առաքման միջոցները։ … Պուտինը գիտի, որ այս գործողությունները խորացրել են գլոբալ սովը, բայց դա նրան չի հետաքրքրում։
«Կրեմլը ցինիկաբար շահագործում է իր իսկ առաջացրած պարենային անապահովությունը՝ դրդելով Աֆրիկայի առանց այն էլ անկայուն երկրներին ապավինել Ռուսաստանին՝ որպես պարենի այլընտրանքային աղբյուրի, քանի որ Ռուսաստանը փորձում է գրավել Ուկրաինայի տեղը [միջազգային շուկայում]»,- ասել է դեսպան Վուդը։
«Եթե Ռուսաստանը կարող է գործել անպատիժ՝ որոշելով, որ Միավորված ազգերի կազմակերպության անդամը «իրական երկիր չէ», իսկ նրա ժողովուրդը «իրական ազգ չէ», ապա ի՞նչ դեր են խաղում ՄԱԿ-ի կանոնադրությունն ու մեր առավել կարևոր սկզբունքները։ Ի՞նչ նախադեպ է սա ստեղծում Ռուսաստանի կամ այլ ծավալապաշտական տերությունների համար, որոնց ուշադրության կենտրոնում են ավելի փոքր կամ սակավ զարգացած հարևանները»։
«Անարդար խաղաղությունը կխաթարի միջազգային իրավունքի ուժը, միջազգային համակարգում պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության նկատմամբ հարգանքի հիմնարար սկզբունքները։ Անարդար խաղաղությունը կհանգեցնի հետագա հակամարտության։ Անարդար խաղաղությունն ընդհանրապես խաղաղություն չէ»,- ասել է դեսպան Վուդը։
«Չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը բռնակցի Ուկրաինայի տարածքի մի մասը, և չի կարելի ասել Ուկրաինային, որ դադարի պաշտպանել իր տարածքը։ Դա չափազանց մեծ սպառնալիք է գլոբալ կայունության և այն ամենի համար, ինչն այս կառույցը կոչված է պաշտպանելու»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։