Accessibility links

Breaking News

Ռուսաստանը սպառնում է կանոնների վրա հիմնված միջազգային կարգին


Նախագահ Ջո Բայդենին վաղուց մտահոգում են ժողովրդավարության մոդելին սպառնացող բռնապետերը, որոնք «փորձում են ամրապնդել իրենց իշխանությունը, արտածել և ընդլայնել իրենց ազդեցությունն ամբողջ աշխարհում»։

Վտանգված են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, նորարարությունը և բարգավաճումը։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կանխամտածված, չհրահրված, չհիմնավորված և դաժան պատերազմը նախագահ Բայդենի վկայակոչած սպառնալիքի ամենավերջին և առավել աղաղակող օրինակն է։ Պատերազմի նախաշեմին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ հերթական թիրախ է դարձել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, որը թույլ է տալիս պահպանել կայունություն ամբողջ աշխարհում. «Սկզբունք, որի համաձայն՝ որևէ երկիր չի կարող ուժով փոխել մյուսի սահմանները, և որևէ երկիր չի կարող մյուսին թելադրել իր կատարած ընտրությունը կամ վարած քաղաքականությունը»։

Ամբողջ աշխարհում երկրները և կազմակերպությունները դատապարտել են Ռուսաստանին իր անթաքույց ագրեսիայի և Ուկրաինայի ինքնիշխանության բացահայտ անտեսման համար՝ միանալով ԱՄՆ-ին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ և արտահանման խիստ վերահսկողություն սահմանելու հարցում։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ), Վենեսուելան, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Կուբան և Իրանը, բոլոր բռնապետական երկրները, չեն միացել՝ փոխարենը որոշելով սատարել Մոսկվայի հարձակումը։ Ընդամենը մի քանի շաբաթ անց, երբ նախագահներ Պուտինը և Սին հրապարակեցին իրենց համատեղ հայտարարությունը և հայտնեցին համապարփակ գործընկերության մասին, ՉԺՀ-ն բազմիցս հրաժարվել է Ռուսաստանի ագրեսիան անվանել ներխուժում։ Դրա փոխարեն Չինաստանը մեղադրում է Միացյալ Նահանգներին, նրա դաշնակիցներին և գործընկերներին Ռուսաստանին սադրելու մեջ։ Բացի այդ, ՉԺՀ-ն հավանություն է տվել Ռուսաստանից ցորենի ներմուծմանը այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները և դաշնակիցները միասնական են Ռուսաստանի նկատմամբ հսկայական տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցում՝ կապված Ուկրաինա ներխուժման հետ։

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի միջև բարգավաճող հարաբերությունների առնչությամբ, որոնք ուղղված են ամբողջ աշխարհում ավելի քան 70 տարի աննախադեպ առաջընթացի առանցքում գտնվող կանոնահեն միջազգային կարգի խաթարմանը։

«Ռուսաստանը և ՉԺՀ-ն նույնպես ցանկանում են աշխարհակարգ սահմանել», ասել է պարոն Փրայսը։ «Սակայն ըստ էության դա խորապես ոչ լիբերալ կարգ է»։

Դատապարտելով Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ նախագահ Բայդենը վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգները և ամբողջ աշխարհի ազատատենչ երկրները մեր զգալի հզորության բոլոր միջոցներով կդիմակայեն» Կրեմլի և նրա դաշնակիցների պատկերացրած աշխարհակարգին։ «Վստահ եղեք, որ ժողովրդավարության և բռնապետության, ինքնիշխանության և հպատակության միջև պայքարում կհաղթի ազատությունը», շեշտել է նա։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG