Accessibility links

Breaking News

Ուկրաինայի նկատմամբ ռուսական սպառնալիքը անպատասխան չի մնա


020422 Editorial 022005 Russian Threat Against Ukraine Will Not Go Unanswered
020422 Editorial 022005 Russian Threat Against Ukraine Will Not Go Unanswered

Ռուսաստանը 100,000 զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ և սպառնում է ներխուժել երկրի տարածք։

Այդ սպառնալիքը չպետք է անպատասխան մնա, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Ուկրաինան իրավունք ունի լինել անկախ, պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, պաշտպանել իր ինքնիշխանությունը»։ Ավելին, «Խաղաքարտին են դրված միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները»։

«Որևէ երկիր չի կարող պարզապես ուժով փոխել մեկ այլ երկրի սահմանները, ինչպես դա արել է Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ», շեշտել է պետքարտուղար Բլինքենը։

«Եթե մենք թույլ տանք, որ այդ հիմնական սկզբունքներն անպատիժ խախտվեն, մենք կբացենք Պանդորայի արկղ, և դա տեսանելի կլինի ու կզգացվի ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում։ Դա կվերադարձնի մեզ պառակտումների, հակամարտությունների և ավելի վատթար ժամանակներ, մինչդեռ մեզանից շատերը տարիներ շարունակ պայքարել են այդ ամենը հաղթահարելու համար»։

Ուստի խաղադրույքներն ավելի բարձր են, քան սոսկ Ուկրաինայի ճակատագիրը։ Նույնիսկ ավելի բարձր են, քան Եվրոպայի և Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունները, ասել է պետքարտուղար Բլինքենը։

Միացյալ Նահանգներն աշխատանք է տարել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին առաջարկելու դիվանագիտության և երկխոսության ուղին։ Դա ներառում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հանդիպումները Ռազմավարական կայունության շուրջ երկխոսության շրջանակներում։ Երկրորդ հարթակը եղել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի գումարումը՝ Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար։ Վերջապես, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում Միացյալ Նահանգները մասնակցում է եվրոպական անվտանգության ավելի լայն հարցերի լուծմանը 56 այլ մասնակից պետությունների հետ միասին, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի, որոնք հավասար դիրքերում են բանակցային սեղանի շուրջ։

Բայց միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները և գործընկերները պատրաստ են արձագանքել լուրջ միջոցներով, նշել է պետքարտուղար Բլինքենը.

«Մենք հավասար ժամանակ ենք հատկացրել երկու իրավիճակներին նախապատրաստվելու համար՝ սերտորեն համագործակցելով եվրոպացիների հետ չափազանց կոշտ պատժամիջոցների փաթեթ կազմելու շուրջ։ Դա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև մեր բոլոր դաշնակիցների և գործընկերների հանձնառությունն է»։

ԱՄՆ-ն նաև շարունակում է ամրապնդել Ուկրաինայի պաշտպանունակությունը։

Ռուսաստանն ունի երկընտրանք՝ դիվանագիտության ուղի, որը կարող է հանգեցնել խաղաղության և անվտանգության, և ագրեսիայի ուղի, որը կբերի միայն հակամարտության, ծանր հետևանքների և միջազգային դատապարտման: Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները և գործընկերները շարունակում են սատարել Ուկրաինային և պատրաստ են համապատասխանաբար արձագանքել Ռուսաստանին այդ երկու ուղիներից յուրաքանչյուրի դեպքում։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG