Accessibility links

Breaking News

Պատժամիջոցներ ռուսաստանցի կիբեռհանցագործների դեմ


2022 թվականի հոկտեմբերին «Medibank»-ը՝ Ավստրալիայում առողջապահական ապահովագրության տրամադրող խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկը, հարձակման ենթարկվեց ռուսաստանցի կիբեռհանցագործների կողմից, որոնք «կոտրել» էին բանկի համակարգը, գողացել 9,7 միլիոն հաճախորդների անձնական տվյալները։

Երբ «Medibank»-ը հրաժարվեց վճարել հսկայական փրկագինը, հաքերները անձնական տվյալների մեծ մասը հրապարակեցին դարքնեթում՝ ընդհատակյա համացանցում։

Հունվարի 23-ին Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի քաղաքացի, «REvil» շորթման գործողության մասնակից Ալեքսանդր Երմակովի նկատմամբ՝ «Medibank»-ի դեմ կիբեռհարձակման մեջ առանցքային դեր խաղալու համար։

Հունվարի 24-ին Միացյալ Նահանգները ու Մեծ Բրիտանիան, ի նշան Ավստրալիայի հետ համերաշխության, Ալեքսանդր Երմակովին նույնպես ներառեցին պատժամաջոցների ենթակա անձանց ցուցակում, քանի որ նա վտանգ է ներկայացնում ԱՄՆ ու Միացյալ Թագավորության համար։

Սա առաջին եռակողմ գործողությունն էր, երբ Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Միացյալ Թագավորությունը համատեղ գործեցին՝ պատժամիջոցներ կիրառելով կիբեռհանցագործի դեմ, ինչը, միանշանակ, վկայում է, որ Վաշինգտոնը կանգնած է իր գործընկերների կողքին՝ շորթող հաքերների դեմ պայքարում, որոնք վտանգում են մեր տնտեսությունները և կարևոր ենթակառուցվածքները։

ԱՄՆ-ում գործող բժշկական ընկերությունների դեմ իրականացվող և շորթման նպատակ հետապնդող կիբեռհարձակումները վտանգ են բուժառուների խնամքի, անվտանգության և նրանց անձնական տվյալների պահպանության համար։

Ռուսաստանը, ինչպես հայտնի է, ապահով հանգրվան է՝ նմանատիպ հանցագործություններ իրականացնողերի, այդ թվում՝ «REvil» խմբի համար, և թույլ է տալիս, որ այդ խմբերը աճեն՝ համագործակցելով նրանց հետ և նպատակ ունենալով վնաս պատճառել Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին։ Ռուսաստանը պաշտպանում է Երմակովի նման կիբեռհանցագործներին՝ թույլ տալով նրան և նմաններին ազատորեն իրականացնել այդ կարգի կիբեռգրոհներ Ռուսաստանից դուրս։ Ավելին, համագործակցելով նրանց հետ՝ Ռուսաստանն, ըստ էության, նպաստում է նման՝ կիբեռհարձակումներին։

Երմակովի բացահայտումը թույլ է տալիս ողջ աշխարհի իրավապահ մարմիններին հետևել նրա գործունեությանը, ինչպես նաև վերահսկել հանցակիցներին։

Պատժամիջոցներ արդյունքում՝ Ալեքսանդր Երմակովի ողջ ունեցվածքն ու ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների կառավարության հասանելիության տիրույթում, սառեցվել են։ Բացի այդ, որևէ ԱՄՆ քաղաքացի չի կարող գործարքներ կնքել Երմակովի հետ կամ որևէ կերպ աջակցել նրան։

«Ռուսաստանցի կիբեռհանցագործները շարունակում են վնասարար հարձակումներ իրականացնել Միացյալ Նահանգների և դաշնակից երկրների դեմ՝ թիրախավորելով մեր ձեռնարկությունները՝ ներառյալ կարևոր ենթակառուցվածքները, գաղտնի տվյալներ գողանալու համար։ Ավստրալիայի և Միացյալ Թագավորության հետ այսօրվա եռակողմ գործողությունը, որը առաջին նման համակարգված գործողությունն է, ընդգծում է այս հանցագործներին պատասխանատվության ենթարկելու մեր միասնական վճռականությունը»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG