Օրենքը պահանջում է, որ իրենց ֆինանսավորման առնվազն 20%-ը արտերկրից ստացող հասարակական կազմակերպությունները գրանցվեն և հայտարարեն, որ «գործում են օտարերկրյա շահերից»։
Բազմաթիվ վրացիներ օրենքն անվանում են «ռուսական օրենք», և դրա ընդունման նախապատրաստումը հանգեցրեց անկախ Վրաստանի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցերի։ Կառավարությունը պատասխանեց չափազանց կոշտ ու անհամաչափ ուժով։
Արձագանքեց Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը՝ վիզային սահմանափակումների կիրառելով այն անձանց նկատմամբ, որոնք իրենց «ներդրումն» են ունեցել Վրաստանում ժողովրդավարության խաթարմանը։
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղարությունը և ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի կառավարության ևս երկու պաշտոնյաների նկատմամբ՝ խաղաղ ցույցերը ճնշելու ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար, որոնց այդ պաշտոնյաներն առնչություն են ունեցել։ Պատժամիջոցներ կիրառվեցին նաև ծայրահեղական խմբավորման երկու առաջնորդների նկատմամբ՝ մարդու իրավունքների լուրջ խախտումների պատճառով։
Զվիադ «Խարեբա» Խարազիշվիլի՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ուժերի հրամանատարն է։ Բողոքի ցույցերի ժամանակ նա և իր տեղակալ Միլերի Լագազաուրին ղեկավարում էին այն ստորաբաժանումները, որոնք դաժանորեն հետապնդում էին իրենց տեսակետները խաղաղ արտահայտող Վրաստանի քաղաքացիներին, քաղաքական ընդդիմության առաջնորդներին, լրագրողներին և երիտասարդ ակտիվիստներին։
Կոնստանտին Մորգոշիան Alt-Info մեդիա ընկերության հիմնադիրն է, որը նա օգտագործել է ապատեղեկատվություն սփռելու, ատելության խոսք ու սպառնալիքներ տարածելու համար։ 2021 և 2023 թվականների հուլիսին նա կոչ էր անում բռնի հարձակումներ իրականացնել փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ, որոնք խաղաղ իրականացնում էին արտահայտվելու և հավաքների ազատության իրենց հիմնարար իրավունքները։ Նա ուղղորդել է հարյուրավոր հետևորդների ու ներխուժել ոչ կառավարական կազմակերպությունների գրասենյակներ, հարձակվել դեպքի վայրում գտնվող լրագրողների ու ոստիկանների վրա։
Զուրաբ Մախարաձեն Alt-Info-ի հետ փոխկապակցված մեդիա անձնավորություն է։ Նա բռնություն է քարոզել՝ այդ թվում ուղղված փոքրամասնությունների խմբերի ու լրագրողների դեմ։ Օգնել է կազմակերպել և միջոցներ հավաքել 2021 և 2023 թվականներին մարդու իրավունքների կոպիտ խախտումներն իրականացնելու համար։
Նշված չորս անձինք ենթարկվել են պատժամիջոցների՝ համաձայն 13818 հրամանագրի, որն ուղղված է ողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի հետևում կանգնած անձանց դեմ։
«Այսօրվա գործողություններն ընդգծում են մեր մտահոգությունը Վրաստանում հակաժողովրդավարական գործողությունների հետևանքների և առանցքային անձանց կողմից իրենց նպատակներին հասնելու համար բռնություն ու ահաբեկում կիրառելու փորձերի վերաբերյալ»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալի պաշտոնակատար Բրեդլի Սմիթը։ «Միացյալ Նահանգները նախկինի պես հանձնառու է պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք ձգտում են խաթարել վրաց ժողովրդի իրավունքները»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։