Միևնույն ժամանակ, Սիրիայում հումանիտար իրավիճակը մնում է ծանր։ Այդ երկրում ավելի քան 16 միլիոն մարդ կախում ունի մարդասիրական օգնությունից։ Ընդ որում, առավել խոցելի 10․8 միլիոնն ունի անհապաղ օգնության կարիք՝ նշել է դեսպան Վուդը։
«Այս ապշեցուցիչ թվերը ևս մեկ անգամ հաստատում են այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսում են մարդասիրական կազմակերպություններն ու Սիրիացի ժողովուրդը. բավարար օգնություն չի հասնում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Սիրիական ռեժիմի հետ պայմանավորվածությունը, ըստ որի ՄԱԿ-ն իրավունք է ստացել «Բաբ ալ-Սալամ» և «Բաբ ալ-Ռայ» սահմանային անցակետերով 90 օր բեռներ առաքել երկիր, ավարտվում է մի քանի շաբաթից։ Այս երկու անցակետերը ապահովել են զգալի հոսք և հնարավորություն են տվել ավելի արագ ու արդյունավետ օգնություն տրամադրել կարիքավոր համայնքներին՝ ի լրումն կենսական նշանակություն ունեցող «Բաբ ալ-Հավա» անցակետի, որի վերաբերյալ համաձայնագրի վեցամսյա ժամկետը լրանում է [այս] հուլիսին»։
Վերջին պահին այդ պայմանավորվածությունների երկարաձգելը չի կարող լուծել Սիրիայում սարսափելի մասշտաբների հասնող ու շարունակվող հումանիտար ճգնաժամը՝ հայտարարել է դեսպան Վուդը։
Ինչ վերաբերում է ձերբակալություններին և անհետ կորածներին, ապա դեսպան Վուդն ասել է, թե ողջունում է Սիրիայում անհետ կորածների հարցերով անկախ ինստիտուտի հիմնումը։ Ընտանիքներն իրավունք ունեն իմանալ Սիրիայում հակամարտության ընթացքում ավելի քան 155 հազար անհետ կորած կամ կամայականորեն ձերբակալված անձանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին։
Դեսպան Վուդը, կրկին, իր խորը մտահոգությունն է հայտնել, որ սիրիական վարչակարգը թույլ է տվել Իրանին հարող զինված խմբավորումներին գործել երկրի տարածքում, իսկ Իրանը շարունակում է այդ զինյալներին տրամադրել ժամանակակից զենք, հետախուզական տվյալներ, ֆինանսական օգնություն և վերապատրաստել նրանց։
«Իրանի ռազմատենչ դրածոներն ու գործընկերները ձգտում են իրականացնել ապակայունացնող ծրագրեր, և ակնհայտ է, որ սիրիացի ժողովրդին գնալով ավելի է վրդովվեցնում նրանց ներկայությունը։ Սիրիայում և հարևան երկրներում հետագա սրացումը կանխելու նպատակով՝ Միացյալ Նահանգները շարունակելու է համագործակցել մեր գործընկերների հետ՝ [նաև] տարածաշրջանի լարված իրավիճակը հանգուցալուծելու համար»։
Սիրիայի ժողովուրդը չափազանց երկար է տառապել, և նրա օրհասական վիճակը պահանջում է, որ միջազգային հանրությունը վճռականորեն արձագանքի։
«Պետք է վերահաստատենք մեր հանձնառությունը՝ ապահովել անհրաժեշտ ֆինանսավորում, քաղաքական կամք և հավաքական գործողություններ՝ աջակցելու օգնության խիստ կարիք ունեցող սիրիացիներին»,- ասել է դեսպան Ռոբերտ Վուդը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։