Accessibility links

Breaking News

Աջակցություն Մոլդովային ուկրաինացի փախստականների հարցում


Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի չարդարացված և դաժան պատերազմի հետևանքներն արձագանք են ստացել Ուկրաինայի սահմաններից դուրս։

Ակնհայտորեն ոչ ռազմական թիրախների վրա Ռուսաստանի Դաշնության հարձակումների արդյունքներից մեկն է Ուկրաինայի քաղաքացիական բնակչության զգալի մասի հարկադիր տեղահանումը։ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերով՝ «Բնակչության տեղահանման մասշտաբները և արագությունը, որը մենք տեսնում ենք Ուկրաինայում. . . պահանջում էին արագ, նշանակալի և համակարգված միջազգային արձագանք»։

Ապրիլի 3-ին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն այցելել է Մոլդովա, որը բազմաթիվ ուկրաինացի փախստականների համար դարձել է հանգրվան կամ տարանցիկ երկիր։ Դեսպան Թոմաս-Գրինֆիլդի այցի հիմնական նպատակն էր գնահատել Մոլդովայի օրինակելի ջանքերը ուկրաինացի փախստականներին օժանդակելու և մարդասիրական աջակցություն տրամադրելու հարցում։

Փախստականների հոսքը, ամենայն հավանականությամբ, կմեծանա, քանի որ Ռուսաստանը սաստկացնում է իր հարձակումները Ուկրաինայի հարավում և առաջ է շարժվում դեպի Սևծովյան նավահանգստային քաղաք Օդեսա։ Եթե այդպես շարունակվի, մարդասիրական հետևանքներն ամենաուղղակի կերպով կանդրադառնան Ուկրաինայի հարավարևմտյան սահմանակից երկրների՝ Մոլդովայի և Ռումինիայի վրա, ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այդ երկրներն արդեն իսկ ընդունել են պուտինյան պատերազմի պատճառով տեղահանված մեկ միլիոն մարդու՝ մոտ մեկ քառորդը փախստականների ընդհանուր թվից, որը, ՄԱԿ-ի տվյալներով, վերջերս գերազանցեց չորս միլիոնը»։

Այսօր Մոլդովայում գտնվում է մոտ 100 հազար ուկրաինացի փախստական։

Իր այցի ընթացքում դեսպան Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է 50 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին՝ օգնելու Մոլդովայի կառավարությանը և նրա ժողովրդին հաղթահարել Ուկրաինայում Ռուսաստանի դաժան պատերազմի հետևանքները։ Դա ի հավելումն 30 միլիոն դոլարի մարդասիրական օգնության, որը Միացյալ Նահանգները տրամադրել է Մոլդովայում փետրվարի 24-ից ի վեր արագ արձագանքման աջակցության համար։

«Մոլդովայի ժողովուրդը համախմբվել է՝ ընդունելու ուկրաինացի փախստականներին, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, որոնք ստիպված էին թողնել այն ամենը, ինչ ունեին, իրենց մտերիմներին ու հարազատներին և փախչել ապահով վայր», ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը Քիշնևում Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ձեր հյուրընկալության և մեծահոգության մասին այժմ գիտի ամբողջ աշխարհը։ ...Ձեր բոլոր ջանքերում դուք ունեք հավատարիմ գործընկեր՝ ի դեմս Միացյալ Նահանգների»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG