Բնակչության նկատմամբ կիրառել է բենզինով և պայթուցիկներով լցված տակառային ռումբեր և թունավոր գազով խեղդել ամբողջ թաղամասեր և գյուղեր։ Սիրիայի քաղաքացիները խեղվել, խոշտանգվել և սպանվել են կրակից, քիմիական նյութերից և սովից։ Սիրիայում խաղաղ բնակիչները պատերազմի զոհ չէին, նրանք պատերազմի թիրախ էին և շարունակում են այդպիսին մնալ։
Արդյունքում` նախքան պատերազմը երկրի 23 միլիոն բնակչությունից շուրջ 500 000 մարդ զոհվել է, 6,5 միլիոնը համարվում են ներքին տեղահանվածներ, և մոտ 5,6 միլիոնը փախստականներ են հարևան երկրներում։ Եվ այժմ այդ վայրագությունների ճարտարապետ Ասադը կոչ է անում փախստականներին վերադառնալ Սիրիա։ Այդ կոչին արձագանքել է նրա աջակից և նրան սատարող՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Վերջերս Սիրիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերով Դամասկոսում կազմակերպված համաժողովում Ասադը և Պուտինը հայտարարել են, որ քաղաքացիական պատերազմն ավարտված է, և որ կիսավեր երկրի բազմաթիվ շրջաններ այժմ խաղաղ են։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը պնդել է, որ պատերազմից ավերված երկրի վերակառուցումը պետք է նախորդի սիրիացի փախստականների վերադարձին՝ ասելով, որ փախստականները կկարողանան վերադառնալ հայրենիք միայն այն դեպքում, եթե Արևմուտքը պատրաստ լինի վճարել Սիրիայի վերակառուցման համար։ Իսկ դա ոչ այլ ինչ է, քան իր ընկերությունների համար վերակառուցման շահավետ պայմանագրեր ձեռք բերելու միջոցով Ռուսաստանի հարստանալու բացահայտ փորձ։
Փախստականները չեն վստահում Ասադի խոստումներին։ Արևմտյան երկրները նույնպես թերահավատորեն են վերաբերվում դրանց և պնդում, որ վերակառուցման համար միջոցներ կտրամադրեն միայն այն դեպքում, եթե բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, բոլոր սիրիացիների անվտանգությունը երաշխավորվի, իսկ Սիրիայի քաղաքական գործընթացը համարվի օրինական։
«Ասադի վարչակարգը Ռուսաստանի աջակցությամբ փորձում է միլիոնավոր խոցելի փախստականներին որպես քաղաքական գրավական օգտագործել՝ առաջ քաշելով կեղծ պնդումներ, որ սիրիական հակամարտությունն ավարտված է», գրավոր հայտարարության մեջ նշել է Պետդեպարտամենտի մամուլի փոխխոսնակ Քեյլ Բրաունը։
«Ասադի վարչակարգը պատասխանատու է ավելի քան 500,000 սեփական քաղաքացիների մահվան, բազմաթիվ հիվանդանոցների ռմբակոծման և Սիրիայի միլիոնավոր քաղաքացիների մարդասիրական աջակցություն չտրամադրելու համար։ Դրանք այնպիսի կառավարության գործողություններ չեն, որին կարելի է վստահել փախստականների անվտանգ վերադարձի ժամկետի որոշման հարցում, և Ասադը չպետք է տնօրինի վերակառուցման համար միջազգային օգնությունը», - ասել է նա։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում սիրիացի ժողովրդին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևին, որը սիրիական հակամարտության քաղաքական լուծման միակ ուղին է»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։