Accessibility links

Breaking News

Հացահատիկի մատակարարման սևծովյան նախաձեռնությունը պետք է երկարաձգվի


(FILE) Vessels wait for inspection under United Nation's Black Sea Grain Initiative in Turkey.
(FILE) Vessels wait for inspection under United Nation's Black Sea Grain Initiative in Turkey.

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո, Մոսկվայի և Կիևի միջև համագործակցության, թերևս, միակ ոլորտը հացահատիկի մատակարարման սևծովյան նախաձեռնությունն է։

Միավորված ազգերի կազմակերպության և Թուրքիայի միջնորդությամբ 2022 թվականի հուլիսին Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից ստորագրված գործարքը թույլ է տալիս հացահատիկի և պարարտանյութի արտահանում իրականացնել ուկրաինական սևծովյան երեք նավահանգիստներից։ Գործարքը կյանքի կոչելու համար Ստամբուլում ստեղծվել է Համատեղ համակարգման կենտրոն՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։

ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը նախաձեռնությունն անվանել է «կենսական կարևոր գործիք՝ պարենային գլոբալ անապահովության դեմ պայքարում և պարենի գների կայունացման համար։ Նախաձեռնության շրջանակում՝ ինն ամսվա ընթացքում 28 միլիոն տոննա պարենամթերք է մատակարարվել համաշխարհային շուկա»։ ՄԱԿ-ն ընդգծել է, որ ուկրաինական նավահանգիստներից եկող հացահատիկն աջակցություն է կարիքավորներին, օգնում է խուսափել շուկայում ցնցումներից և զսպում պարենային ապրանքների գնաճը։

Մեծ յոթնյակի երկրների գյուղատնտեսության նախարարների վերջին հաղորդագրությունում ընդգծվում է հացահատիկային գործարքի «կենսական նշանակությունը»։ Փաստաթղթում ասված է. «Վճռականորեն աջակցում ենք հացահատիկի մատակարարման սևծովյան նախաձեռնության երկարաձգմանը, ամբողջական իրականացմանն ու ընդլայնմանը»։ Յոթ առաջատար տերությունների ներկայացուցիչները նաև կոչ են արել Ռուսաստանին «դադարեցնել սպառնալիքներ հնչեցնել պարենի համաշխարհային մատակարարման ուղղությամբ և թույլ տալ, որպեսզի հացահատիկի մատակարարման սևծովյան նախաձեռնությունը կյանքի կոչվի առավելագույն ներուժով և անժամկետ»։

Ի պատասխան, Ռուսաստանը նշել է, որ կարող է հրաժարվել նախաձեռնությունից։ Ստամբուլում ռուսաստանյան տեսուչները դադարեցրել են մեկնող նավերի գրանցումը, որն անհրաժեշտություն է՝ ստուգումներ անցնելու համար։ Նրանք նաև դանդաղեցրել են ստուգումների անցկացումը, ինչը հանգեցրել է ժամանող ու մեկնող նավերի կուտակմանը։

Մեծ յոթնյակի հանդիպումից հետո պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է. «Ռուսաստանը կրկին արգելափակում է ուկրաինական հացահատիկի մատակարարումը համաշխարհային շուկա՝ բարձրացնելով պարենի գները ամբողջ աշխարհում։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայից ոչ մի նավ դուրս չի եկել, իսկ 50-ից ավելի նավեր պարզապես չեն կարողանում բեռնվել։ Բազմթիվ երկրներ կախում ունեն կենսական կարևորության այս հացահատիկից։ Ռուսաստանը դրժում է իր խոստումները»։

Ի հավելումն՝ Ռուսաստանը դժգոհել է, թե չի ստացել այն օգուտները, որոնք ակնկալում էր ստանալ իր հացահատիկի արտահանումից՝ սևծովյան նախաձեռնության ստորագրումից հետո, և հայտնել է՝ կարող է չերկարաձգել գործարքը, որի վերջնաժամկետը մայիսի 18-ն էր։

Պետքարտուղարության փոխխոսնակ Փաթելը ընդգծել է. «Ինչպես հստակ նշել են Մեծ յոթնյակի արտգործնախարարներն իրենց կոմյունիկեում... Ռուսաստանը պետք է դադարի պարենը որպես զենք օգտագործել Ուկրաինայի դեմ պատերազմում և թույլ տա, որ հացահատիկի մատակարարման սևծովյան նախաձեռնությունը գործի իր առավելագույն ներուժով։ Ուկրաինական հացահատիկը պետք է անարգել մատակարարվի համաշխարհային շուկա»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG