Accessibility links

Breaking News

Մահացել է Ամերիկայի 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը


Նախագահ Ջիմի Քարթերը նստած է իր գրասեղանի մոտ Օվալաձեւ աշխատասենյակում, 1977 թվականի ապրիլի 19, Վաշինգտոն:
Նախագահ Ջիմի Քարթերը նստած է իր գրասեղանի մոտ Օվալաձեւ աշխատասենյակում, 1977 թվականի ապրիլի 19, Վաշինգտոն:

Միացյալ Նահանգների երեսունիններորդ նախագահ Ջիմի Քարթերը մահացել է 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքում գտնվող իր տանը՝ 100 տարեկան հասակում։ Մեկ տարի առաջ մահացել էր նրա 77-ամյա կինը՝ Ռոզալինը։

Նախագահ Քարթերը պետական ծառայությանն առնչվեց հեռավոր 1943 թվականին՝ որպես ԱՄՆ ռազմածովային ակադեմիայի կուրսանտ։ Հետագայում ծառայել է Միացյալ Նահանգների Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան նավատորմերում, այնուհետև ներգրավվել ատոմային սուզանավերի մասնագետների վերապատրաստման ծրագրում։

Ծնունդով Ջորջիա նահանգից դեմոկրատ Քարթերն ընտրվել է իր հայրենի նահանգի ղեկավար 1970 թվականին։ 1976-ին առաջադրվեց ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ հաղթելով գործող նախագահ, հանրապետական Ջերալդ Ֆորդին։ Քարթերը պաշտոնավարել է մեկ ժամկետ։ 1980 թվականի ընտրություններում պարտվել է Ռոնալդ Ռեյգանին, և կարևոր դեր խաղաց Իրանում ամերիկյան դեսպանատան 52 աշխատակիցների պատանդառումը ու Քարթերի ձախողումը՝ հայրենակիցներին ազատ արձակելու գործում։

Նրա նախագահության կարևորագույն ձեռքբերումը, անշուշտ, 1978 թվականի Քեմփ Դևիդի համաձայնագիրն էր՝ Իսրայելի և Եգիպտոսի միջև պատմական խաղաղության պայմանագրի կնքումը Քարթերի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Արդյունքում՝ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը և Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինը 1978 թվականին արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Քարթերն ընդամենը 56 տարեկան էր, երբ լքեց Սպիտակ տունը։ Հաջորդ չորս տասնամյակները նա իրեն նվիրեց մարդասիրական գործունեությանը՝ վաստակելով համընդհանուր հարգանք։

Տարիներ շարունակ նա և Ռոզալինն իրենց ժամանակը տրամադրում էին որպես կամավոր մասնակցելու անապահով անձանց համար տների կառուցմանը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» շահույթ չհետապնդող կազմակերպության միջոցով։ Քարթերը տասնամյակներ շարունակ դասավանդել է եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցում՝ իր հայրենի Փլեյնսի քաղաքում։

Իր նախագահությունից հետո Քարթերը համաշխարհային ճանաչում ստացավ տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելու և հօգուտ ժողովրդավարության ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության գործելու համար՝ աշխատելով Քարթերի անվան կենտրոնի միջոցով, որը նա և իր կինը հիմնել էին Ատլանտայի Էմորի համալսարանում 1982 թվականին։

2002 թվականին Քարթերն արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Եթովպիայում, Էրիթրեայում, Բոսնիայում և Հայիթիում մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել նախկին նախագահ Քարթերին՝ որպես «քաջության տեր, հույսով ու լավատեսությամբ լի մարդ»։

«Կարեկցելու իր ունակության և բարոյական մաքրության շնորհիվ նա աշխատել է հիվանդությունների վերացման, խաղաղության ամրապնդման, քաղաքացիական և մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ, նպաստել է ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ապաստան տրամադրել անօթևաններին և ապահովել մշտական պաշտպանություն առավել կարիքավորներին։ Նա փրկում էր, քաջալերում մարդկանց ու փոխում նրանց կյանքը ամբողջ աշխարհում»,- ասել է Բայդենը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG