«Ծանր ու երկարատև ճգնաժամերի այս դարաշրջանը պահանջում է, որ հիմնովին վերագնահատենք մեր ներկայիս հումանիտար համակարգը և դրա կարողությունները՝ օգնելու առավել կարիքավորներին»։
«Այս խնդրի քննարկումը պարզապես պետք է սկսել՝ ներգրավելով մասնակիցների լայն շրջանակ՝ պետական պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակությանը, զարգացմանը նպաստող բանկերին, բարեգործական կազմակերպություններին, մասնավոր հատվածին, մարդասիրական կազմակերպություններին և, թերևս, ամենակարևորը՝ ճգնաժամերից տուժած մարդկանց»։
Պետքարտուղար Բլինքենը երեք առաջարկ է ներկայացրել, թե ինչպես փոփոխել հումանիտար աջակցության համակարգը՝ այն ավելի արդյունավետ դարձնելու համար։
«Նախ, պետք է ավելի սերտորեն կապել մարդասիրական աջակցությունն ու զարգացմանն ուղղված ջանքերը»,- ասել է նա։
«Գիտենք, որ այս ուղղություններով աշխատանքները զուգահեռ են ընթանում։ Բայց … երբ հումանիտար ոլորտի և զարգացման փորձագետները աշխատում ու պլանավորում են միասին, հատկապես՝ ճգնաժամի հենց սկզբից, նույն ռեսուրսներով կարող ենք ավելի շատ մարդկանց օգնել»։
«Համապարփակ մոտեցումը նաև նպաստում է երկարաժամկետ լուծումների մշակմանը, որոնք մարդկանց համար ավելի կայուն կենսամիջոցներ կապահովեն»,- հավելել է նա։
«Երկրորդ՝ պետք է ավելի համապարփակ օգնություն ցուցաբերենք աջակցությունն ընդունող երկրներին՝ ի նպաստ տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ նրանց ջանքերի»։
«Տարիներ և երբեմն սերունդներ են պահանջվում, որպեսզի հակամարտություններից և հետապնդումներից փախչող մարդիկ իսկապես կարողանան ապահով վերադառնալ իրենց երկրներ և համայնքներ։ Ահա, թե ինչու պետք է ուժեղացնենք ջանքերը՝ հրատապ սոցիալական ծառայությունների վրա հիմնված մոդելից անցում կատարելու այնպիսի մոդելի, որն օգնում է հյուրընկալող երկրների կառավարություններին ինտեգրել տեղահանվածներին պետական առողջապահական, կրթական և տնտեսական համակարգերում՝ թույլ տալով նրանց լիարժեք մասնակցություն ունենալ հասարակության գործերին, և այն մոդելի, որն օգնում է հյուրընկալող համայնքներին օգտվել ավելի լայնածավալ, ավելի որակյալ ռեսուրսներով լի ծառայություններից և աջակցությունից»։
«Եվ վերջապես, պետք է ուղիներ գտնենք՝ խորացնելու մասնավոր հատվածի հետ համագործակցությունը»։
«Միասին կարող ենք օգտագործել համակցված ֆինանսավորման ռազմավարություններ՝ նվազեցնելու անկայուն շուկաներում ներդրումների ռիսկերը և ներգրավելու անհրաժեշտ կապիտալ՝ ընդլայնելով հնարավորությունները և նվազեցնելով օգնության կարիքը … ։ Մասնավոր հատվածը կարող է նաև օգնել ներգրավելու նորարարական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են արհեստական բանականության վրա հիմնված կանխատեսումներ կատարելը, որոնք [կարող են] կանխատեսել բնական աղետներից հետո մարդկանց տեղահանման [ուղղությունները] և բացահայտել հյուրընկալող [հնարավոր] համայնքները, որտեղ փախստականների համար հաջողության հասնելու հավանականությունը մեծ է»։
«Գլոբալ հումանիտար այս ճարտարապետության վերաիմաստավորումը պարզապես ռազմավարական անհրաժեշտություն չէ»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Սա բարոյական հրամայական է այն մարդկանց համար, որոնց ձգտում ենք օգնել, և մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք աներևակայելի խիզախությամբ ամեն օր ծառայություն են իրականացնում առաջնագծում»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։