Անցած տարվա հոկտեմբերի 7-ից՝ Իսրայելի դեմ «Համասի» հարձակումից ի վեր, «Քաթայբ Հեզբոլլահն» է կանգնած Իրաքում և Սիրիայում Միացյալ Նահանգների և գործընկերների դեմ նախորդ օրերին իրականացված մի շարք հարձակումների հետևում։ Մյուս կողմից, հայտնի է «Քաթայբ Հեզբոլլահ» վերապատրաստում, ֆինանսավորում և աջակցում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության «Քոդս» ստորաբաժանումը։
Ահաբեկչական խմբավորումն ավելի քան 150 անգամ հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ, որոնք տարածաշրջանում են «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում։ Ըստ Պենտագոնի, հունվարի 20-ին Իրաքի արևմուտքում տեղի ունեցած հարձակման ընթացքում ահաբեկիչները մի քանի բալիստիկ հրթիռներ են արձակել «Ալ-Ասադ» ավիաբազայի ուղղությամբ։ Վիրավորվել է առնվազն մեկ իրաքցի զինծառայող։ Ամերիկացի չորս զինծառայողներ ենթարկվել են հետազոտության՝ գանգուղեղային վնասվածքների կասկածով։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հունվարի 23-ին արված հայտարարությամբ, ամերիկյան ուժերի կողմից հունվարի 23-ին Իրաքում «Քաթայբ Հեզբոլլահի» և Իրանի հետ փոխկապակցված այլ խմբավորումներին հասցված հարվածները անվանել է «անհրաժեշտ և համաչափ»՝ նշելով, որ Միացյալ Նահանգները չի հապաղի նոր գործողություններ ձեռնարկել ԱՄՆ զինուժն ու շահերը պաշտպանելու համար։
Միացյալ Նահանգները հունվարի 22-ին նաև պատժամիջոցներ է սահմանել իրաքյան «Fly Baghdad» ավիաընկերության և նրա գործադիր տնօրենի նկատմամբ՝ Իրաքում, Սիրիայում և Լիբանանում գործող «Քոդս» ստորաբաժանմանը և նրան մոտ կանգնած խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու համար։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև «Քաթայբ Հեզբոլլահի» երեք առաջնորդների ու աջակիցների, ինչպես նաև մեկ ձեռնարկության նկատմամբ, որը զբաղված է «Քաթայբ Հեզբոլլահի» համար փողերի լվացմամբ։
Հայտարարության մեջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը անդրադաևրձել է «[2023 թվականի] հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» սոսկալի հարձակումից հետո, Իրաքում և Սիրիայում ԱՄՆ զինուժի դեմ՝ անօդաչուների և հրթիռների [կիրառմամբ] հարձակումների կտրուկ աճին»։ Ֆինանսների նախարարությունը նաև նշել է, որ ««Քաթայբ Հեզբոլլահը» և Իրաքում իրանամետ այլ խմբավորումներ հետևողականորեն հանդես են եկել «Համասի» ահաբեկչությանը սատարող հայտարարություններով և հայտնել ԱՄՆ զինուժի դեմ հարձակումների իրենց հանձնառության մասին»։
ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Բրայան Նելսոնը գրել է. «Իրանը և նրա հովանավորյալ կազմակերպությունները փորձել են չարաշահել տարածաշրջանային տնտեսական [հնարավորությունները] և օգտագործել թվացյալ օրինական բիզնեսները որպես ծածկ՝ իրենց հարձակումները ֆինանսավորելու և խթանելու համար: Միացյալ Նահանգները կշարունակի խափանել Իրանի անօրինական գործունեությունը, որն ուղղված է տարածաշրջանում կայունության խաթարմանը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։