Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն և դաշնակիցները պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի նկատմամբ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ հարձակման


Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանը զանգվածային մահացու հարձակում սկսեց իր հարևան Ուկրաինայի դեմ։

«Ռուսական զինված ուժերը դաժան հարձակում են նախաձեռնել Ուկրաինայի ժողովրդի վրա՝ առանց հրահրման, առանց հիմնավորման, առանց անհրաժեշտության։ Սա կանխամտածված հարձակում է», հայտարարել է նախագահ Ջո Բայդենը։

«[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինն ագրեսոր է։ Պուտինն ընտրել է պատերազմը, և այժմ ինքն ու իր երկիրը կառերեսվեն հետևանքներին։ Այսօր ես լրացուցիչ կոշտ պատժամիջոցներ և նոր սահմանափակումներ եմ հայտարարում Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ։ Դա կհանգեցնի լուրջ հետևանքների Ռուսաստանի տնտեսության վրա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։ Մենք նպատակաուղղված մշակել ենք այս պատժամիջոցները՝ առավելագույնի հասցնելու երկարաժամկետ ազդեցությունը Ռուսաստանի վրա և նվազագույնի հասցնելու ազդեցությունը Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների վրա»։

Միացյալ Նահանգները, նրա բազմաթիվ դաշնակիցները և գործընկերները ամբողջովին արգելափակող պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի տասը խոշորագույն ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք միասին տիրապետում են Ռուսաստանի բանկային հատվածի ակտիվների գրեթե 80 տոկոսին։

«Մենք կսահմանափակենք դոլարով, եվրոյով, ֆունտ ստեռլինգով և յենով բիզնես վարելու Ռուսաստանի հնարավորությունները։ Կսահմանափակենք համաշխարհային տնտեսության շրջանակներում գործելու նրանց հնարավորությունները։ Մենք նախատեսում ենք զրկել ռուսական բանակը ֆինանսավորման և զարգացման հնարավորություններից։

Մենք նախատեսում ենք խաթարել 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական տնտեսության պայմաններում նրանց մրցակցային կարողությունները։ Մեր գործողությունների որոշ առավել հզոր հետևանքները կարտահայտվեն ժամանակի ընթացքում, երբ առավելագույնս կսահմանափակվի Ռուսաստանի հասանելիությունը ֆինանսներին և տեխնոլոգիաներին իր տնտեսության ռազմավարական հատվածների համար և կնվազեցվի նրա արդյունաբերական ներուժը երկար տարիների ընթացքում։ Մեր և մեր դաշնակիցների ու գործընկերների գործողությունների շնորհիվ, մեր գնահատմամբ, կիսով չափ կկրճատվի Ռուսաստանի կողմից բարձր տեխնոլոգիաների արտադրանքի ներմուծումը»։

«Դա կզրկի նրանց զինված ուժերի արդիականացումը շարունակելու հնարավորությունից, կքայքայի նրանց պաշտպանական, օդատիեզերական և ծովային արդյունաբերությունը և լուրջ հարված կհասցնի Պուտինի երկարաժամկետ ռազմավարական հավակնություններին», հայտարարել է նախագահ Բայդենը։

«Պուտինի ընտրությունը՝ միանգամայն չարդարացված պատերազմ սկսելու Ուկրաինայի դեմ, Ռուսաստանին կթուլացնի, իսկ մնացած աշխարհին կդարձնի ավելի ուժեղ», ասել է նախագահ Բայդենը։ «Ազատությունը, ժողովրդավարությունը, մարդկային արժանապատվությունը շատ ավելի զորեղ ուժեր են, քան վախը և ճնշումը։ Այդ ուժերը չեն կարող ոչնչացվել Պուտինի և նրա բանակի նման բռնակալների կողմից, չեն կարող ջնջվել մարդկանց սրտերից և հույսերից՝ ի հեճուկս ցանկացած բռնության և ահաբեկման։ Դրանք հարատև են»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG