Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային էներգետիկ ոլորտում լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին


A thermal power plant in Ukraine after being hit by a Russian missile strike.
A thermal power plant in Ukraine after being hit by a Russian missile strike.

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ լրացուցիչ 125 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի և էլեկտրացանցերի պահպանման համար՝ ի պատասխան կոմունալ ծառայությունների և այլ կարևոր ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի շարունակական հարձակումներին։

Պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները 270 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրել՝ օգնելու վերանորոգել, պահպանել և ամրապնդել Ուկրաինայի էներգետիկ հատվածը շարունակվող հարձակումների պայմաններում։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից և հատկապես 2022 թվականի հոկտեմբերից ի վեր Ռուսաստանի Դաշնության ուժերն իրականացրել են հարձակումներ թևավոր հրթիռներով, բալիստիկ հրթիռներով և Իրանի կողմից տրամադրված անօդաչու թռչող սարքերով։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն այս ռմբակոծությունները «բարբարոսական» է անվանել.

«Ռուսաստանն օգտագործում է իրանական ԱԹՍ-ներ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածելու համար՝ ձմռան կեսին միլիոնավոր ուկրաինացի քաղաքացիների զրկելով էլեկտրաէներգիայից, ջերմությունից և կենսական կարևոր ծառայություններից։ Այսօր Ուկրաինայում մարդիկ տառապում և մահանում են Իրանի աջակցության հետևանքով»։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) 125 միլիոն դոլար կհատկացնի՝ ձեռք բերելու կենսական կարևոր սարքավորումներ, այդ թվում՝ լրացուցիչ արդյունաբերական շարժական գազատուրբինային գեներատորներ, բարձրավոլտ ավտոտրանսֆորմատորներ, բաշխիչ ենթակայանների վերանորոգման սարքավորումներ և Կիևի ջրամատակարարման ու կենտրոնական ջեռուցման ծառայությունների համար պահեստային սնուցման սարքեր։

ԱՄՆ ՄԶԳ-ն արդեն իսկ տրամադրել է 1,548 գեներատորներ ամբողջ Ուկրաինայում, և շատ ավելի մեծ քանակություն դեռևս պետք է մատակարարվի։ Այս գեներատորները ապահովում են էլեկտրականություն և ջեռուցում դպրոցների, հիվանդանոցների, ներքին տեղահանվածների համար նախատեսված կացարանների, կենտրոնական ջեռուցման ձեռնարկությունների և ջրամատակարարման համակարգերի համար՝ Ռուսաստանի ավիահարվածների հետևանքով հոսանքազրկման դեպքում։

ԱՄՆ-ն նաև 55 միլիոն դոլար է ներդրել Ուկրաինայի ջեռուցման ենթակառուցվածքում՝ օգնելու ուկրաինացի ժողովրդին դիմակայել ձմռանը։ Այս աջակցությունը կօգնի մինչև յոթ միլիոն ուկրաինացիների՝ ապահովելով խողովակների և այլ սարքավորումների վերանորոգում և տեխնիկական սպասարկում։

ԱՄՆ կառավարությունը հանձնառու է աջակցելու Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին՝ ի պատասխան նրանց դեմ Ռուսաստանի Դաշնության դաժան պատերազմի։ ԱՄՆ-ի 13 միլիարդ դոլարի ուղղակի աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը օգնել է պահպանել կենսական կարևոր պետական ծառայությունները։ Բացի այդ, ԱՄՆ-ն ավելի քան 1,9 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել միլիոնավոր մարդկանց, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ հարևան երկրներում, որոնք 2022 թվականի փետրվարից ի վեր ստիպված էին լքել իրենց տները և համայնքները։

Միացյալ Նահանգները կշարունակի օգնել նրանց, ովքեր տառապում են ինչպես Ուկրաինայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, և խրախուսել պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր խախտում են միջազգային իրավունքը և նպաստում այս անօրինական, անբարոյական պատերազմին։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG