Դեկտեմբերի 11-ին Նավալնիի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ ընդդիմադիր գործչի փաստաբանները օրեր շարունակ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ, բացի այդ՝ Նավալնին տեսակապով չի ներկայացել նշանակված դատական նիստին։
Նավալնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, թերևս, ամենից կոշտ քննադատն է ու քաղաքական հակառակորդը, նաև երկրում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Իշխանությունների կողմից տասնամյա հետապնդումներից հետո՝ 2020 թվականին Ռուսաստանում նրա դեմ մահափորձ իրականացվեց՝ «Նովիչոկ» թունավոր նյութի միջոցով։ Գերմանիայում ապաքինվելուց հետո, Ալեքսեյ Նավալնին որոշեց վերադառնալ հայրենիք, ուր նրան անմիջապես ձերբակալեցին՝ ներկայացնելով մտացածին, քաղաքական դրդապատճառներ ունեցող մեղադրանքներ։
2023 թվականի օգոստոսին Նավալնին դատապարտվեց ևս 19 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով ծայրահեղականության մեջ։ Նա պատիժը կրում էր Մոսկվայից արևելք գտնվող հատուկ ռեժիմի գաղութում ՝ խիստ ծանր պայմաններում։ Բազմաթիվ էին դեպքերը, երբ Կրեմլի քննադատին մեկուսացնում էին առանձին մի խցում։
Փաստաբաններն, ի վերջո, կարողացել են տեղեկանալ, որ Նավալնին այլևս գաղութում չէ, սակայն իշխանությունները հրաժարվել են հայտնել, թե ուր են տեղափոխել նրան։
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողներին փոխանցել է, որ Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» Նավալնիի առողջական վիճակով։
«Մենք հայտնել ենք Ռուսաստանի կառավարությանը, որ իրենք պատասխանատվություն են կրում պարոն Նավալնիի հետ կատարվածի համար ... ։ Բազմիցս միացել ենք պարոն Նավալնիի ընտանիքի, գործընկերների [և] ամբողջ աշխարհում նրա կողմնակիցների կոչերին՝ անհապաղ ազատ արձակել նրան՝ առանց նախապայմանների, և կոչ արել Ռուսաստանի կառավարությանը դադարեցնել երկրում շարունակվող բռնաճնշումները ազատորեն արտահայտվող [մարկանց] նկատմամբ, որոնք ենթարկվում են անողոք հետապնդման և ահաբեկման՝ մարդու իրավունքների իրացնելու համար»։
Ավելի վաղ՝ այս տարի Միացյալ Նահանգները ափսոսանք էր հայտնել Ռուսաստանում պահվող «ավելի քան 500 քաղբանտարկյալների» ատնչությամբ։
Միլլերը շարունակել է, թե Միացյալ Նահանգները «կշարունակի հետևել Ռուսաստանում բոլոր նրանց գործերին, ովքեր ապօրինի ձերբակալվել են»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» ռուսաստանցի այլախոհ և քաղբանտարկյալ Ալեքսեյ Նավալնիի անհետացման մասին հաղորդագրություններով։