Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս իրականացված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի և փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումները, հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպությունում հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ այլընտրանքային ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Վուդը։
Այս տարի արդեն 5-րդ անգամ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել, ինչը Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևերի ուղղակի խախտում է։ Սա ի լրումն 26 այլ բալիստիկ հրթիռների, որոնք ԿԺԴՀ-ն արձակել է միայն այս տարի, նշել է դեսպան Վուդը։
«Մենք օգտագործել ենք հնարավոր բոլոր բառերը՝ նկարագրելու ԿԺԴՀ-ի շարունակվող սպառնալիքները միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Սարսափելի։ Անընդունելի։ Անխոհեմ։ Աղաղակող։ ... Թույլ տվեք հստակեցնել. Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն աշխատում են՝ պաշտպանելու մեզ միջուկային զենքի մատակարարման այն համակարգերից, որոնք ԿԺԴՀ-ն փորձարկում է և որոնց մասին բազմիցս հայտարարել է, որ ստեղծել են մեզ վրա հարձակվելու համար»։
«Մենք երախտապարտ ենք, որ [Անվտանգության] Խորհրդի մեծ մասը դատապարտել է [Հյուսիսային Կորեայի] աճող սպառնալիքը միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Այս Խորհրդի մեծ մասը հանձնառու է՝ սատարելու մեր ընդունած բանաձևերը», ասել է դեսպան Վուդը։
«Այժմ Ռուսաստանն ու Չինաստանը պետք է միանան մեզ և գործեն այնպես, կարծես դրանից է կախված նրանց հեղինակությունը՝ որպես պատասխանատու մշտական անդամներ։ Մենք ոչ միայն ուղերձ կհղենք ԿԺԴՀ-ին և ցանկացած տարածողի, այլև կրկին ցույց կտանք ԿԺԴՀ-ին պատասխանատվության ենթարկելու ջանքերի միավորման առավելությունները»։
Ակնհայտ է, որ Հյուսիսային Կորեան նախկինի պես ի վիճակի է ընդլայնել Զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագիրը՝ պատժամիջոցներից խուսանավելու իր լայնածավալ ջանքերի շնորհիվ։
Դեսպան Վուդը հաստատել է, որ մինչև Հյուսիսային Կորեան չհրաժարվի Զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագրից և փոխարենը չներգրավվի կառուցողական բանակցությունների մեջ, «մենք կշարունակենք մատնանշել» նրա կողմից պատժամիջոցների խախտումները։
«Մենք այստեղ ենք, քանի որ ԿԺԴՀ-ն պետք է հասկանա, որ առաջընթացի միակ կենսունակ ուղին դիվանագիտությունն է և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման մեր անփոփոխ հանձնառությունը, իսկ դա հնարավոր չէ, քանի դեռ այս Խորհուրդը լռում է»։
«Չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ ուղերձ հղի, որ նման էսկալացիոն վարքագիծը անհետևանք չի մնա», ասել է դեսպան Վուդը։ «Մենք կոչ ենք անում Խորհրդի բոլոր անդամներին միանալ մեզ»՝ Հյուսիսային Կորեային «մեկընդմիշտ պատասխանատվության ենթարկելու հարցում»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։