Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Նավալնիին և մյուս քաղբանտարկյալներին


Արդեն երկու տարի է անցել, ինչ ռուսական կառավարությունը մահափորձ կատարեց ժողովրդավարական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի դեմ Ռուսաստանի տարածքում՝ «Նովիչոկ» տեսակի նյարդակաթվածահարիչ նյութի միջոցով։

Երբ հանդուգն հարձակումը հաղթահարելուց և արտերկրում ապաքինվելուց հետո պարոն Նավալնին խիզախորեն վերադարձավ Ռուսաստան, Կրեմլն անամոթաբար բանտարկեց նրան քաղաքական դրդապատճառներով։

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը կրկին «դատապարտել է Ռուսաստանի կողմից քիմիական զենքի օգտագործումը՝ քաղաքական ընդդիմախոսին թունավորելու նպատակով, և կոչ արել Կրեմլին ամբողջությամբ բացահայտել և վերացնել քիմիական զենքի իր ծրագիրը»։ Միացյալ Նահանգները Նավալնիի ընտանիքի, գործընկերների և ամբողջ աշխարհում համախոհների հետ միասին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան։

Նման ճակատագրի են արժանացել նաև այլ ռուս ակտիվիստներ։ Ապրիլին ռուսական իշխանությունները ձերբակալեցին ժողովրդավարության ջատագով և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատ Վլադիմիր Կարա-Մուրզային Մոսկվայի իր բնակարանի հարակից փողոցում։ Մինչ նա գտնվում էր կալանքի տակ շինծու վարչական իրավախախտման համար, նրան լրացուցիչ մեղադրանք առաջադրվեց Ռուսաստանի զինված ուժերի մասին «դիտավորյալ կեղծ տեղեկություններ տարածելու» համար։ Ներկայումս Կարա-Մուրզան գտնվում է նախնական կալանքի տակ, և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Սա առաջին դեպքը չէ, երբ Կրեմլը հետապնդում է Կարա-Մուրզային։ Նրան երկու անգամ թունավորել են՝ 2015 և 2017 թվականներիին, ինչի արդյունում նա կոմայի մեջ է հայտնվել։ Նրա նկատմամբ այդ մահափորձերը լայնորեն ընկալվում էին որպես Ռուսաստանի կառավարության վրեժխնդրություն՝ նրա աշխատանքի համար «Մագնիտսկու օրենքի» շուրջ, որը նպատակաուղղված պատժամիջոցներ էր սահմանում մարդու իրավունքները խախտող ռուսների դեմ։

Ուկրաինա ներխուժումից հետո Կրեմլը սաստկացրեց իր ճնշումը Ռուսաստանում այլախոհների և անկախ լրատվամիջոցների դեմ, այդ թվում՝ գրաքննության մասին օրենքների միջոցով, որոնցով նախատեսվում են ազատազրկման խիստ ժամկետներ։ Կրեմլը ձգտում է թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանի ժողովուրդն իմանա այն վայրագությունների մասին, որոնք ռուսական զորքերն իրականացնում են ուկրաինացի խաղաղ բնակիչների նկատմամբ, ինչպես նաև այս անարդար պատերազմում ռուս զինվորականների մեծաթիվ անհարկի զոհերի մասին։

Մամուլի խոսնակ Փրայսը վերահաստատել է Միացյալ Նահանգների «աջակցությունը Ալեքսեյ Նավալնիին, Վլադիմիր Կարա-Մուրզային և Ռուսաստանի այլ քաղբանտարկյալներին, ինչպես նաև հազարավոր այլ խիզախ ռուսաստանցիներին, որոնք, վտանգելով սեփական անձը, Կրեմլի ստերին հակադրում են ճշմարտությունը»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG