Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ը մերժում է Չինաստանի պահանջները Հարավչինական ծովի նկատմամբ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի 2020 թվականի հուլիսի 13-ի հայտարարությունը Հարավչինական ծովի վերաբերյալ։

Միայն վերջին տասնամյակի ընթացքում Պեկինը սկսել է պնդել Հարավչինական ծովի մեծ մասն իր կողմից տիրապետելու մասին, ինչը հիմնված է աղոտ պատմական իրավունքների և իր ներկայացրած քարտեզի վրա։ Խնդրո առարկա տարածքը ներառում է բազմաթիվ անմարդաբնակ կղզիներ, ծանծաղուտներ և ստորջրյա խութեր, ինչպես նաև ձկնային, հանքային և էներգետիկ պաշարներով, այդ թվում՝ մոտ 2,5 տրիլիոն դոլարի վերականգնվող նավթի և բնական գազի հարուստ պաշարներ:

2013 թվականից Պեկինն ակտիվացրել է Հարավչինական ծովի մեծ մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր փորձերը՝ հողաբարելավման կործանարար աշխատանքների և վիճարկելի տարածքներում ռազմական օբյեկտների տեղակայման միջոցով՝ պահանջներ ներկայացնելով ծովային տարածքների նկատմամբ, ինչը հակասում է միջազգային իրավունքին։ Չինաստանը նաև ագրեսիվ արշավ է ծավալել այդ տարածքներին հավակնող մյուս պետությունների դեմ։

2016 թվականի հուլիսին «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի VII հավելվածի համաձայն ձևավորված արբիտրաժային դատարանը կայացրել է որոշում, որով վիճարկվող տարածքի սահմաններում «Չինաստանը պատմական իրավունքներին հավակնելու որևէ իրավական հիմք չունի», և որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծովային հավակնությունները չեն կարող լինել ավելին, քան նախատեսված է Կոնվենցիայով։ Այդուհանդերձ, ՉԺՀ-ն շարունակում է պնդել իր անօրինական տարածքային պահանջները։

Հուլիսի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, ըստ որի՝ Հարավչինական ծովում Չինաստանի տարածքային հավակնությունների նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը համընկնում է արբիտրաժային դատարանի որոշման հիմնական ասպեկտների հետ։ «Հարավչինական ծովի մեծ մասի օֆշորային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն հաստատելու Պեկինի հավակնությունները, ինչպես և այդ նպատակով վարած ճնշողական արշավը միանգամայն անօրինական են»։

Դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Պեկինի տարածքային հավակնությունները մեկ այլ երկրի 370 կիլոմետր (200 ծովային մղոն) բացառիկ տնտեսական գոտու ջրերի նկատմամբ, որը դուրս է տարածքային ծովի օրինական սահմաններից: ԱՄՆ-ը նաե չի ճանաչում Պեկինի հավակնությունները ստորջրյա որոշ տարածքների նկատմամբ, որոնց, միջազգային իրավունքի համաձայն, որևէ պետություն չի կարող հավակնել և որոնք չեն կարող կազմել ծովային գոտիներ։

«Աշխարհը թույլ չի տա Պեկինին Հարավչինական ծովին վերաբերվել որպես իր ծովային կայսրության», նշված է պետքարտուղար Պոմպեոյի հայտարարության մեջ։ «Ամերիկան սատարում է Հարավարևելյան Ասիայի մեր դաշնակիցներին և գործընկերներին՝ ի պաշտպանություն օֆշորային ռեսուրսների նկատմամբ իրենց ինքնիշխան իրավունքների, ինչը համահունչ է միջազգային իրավունքի ներքո իրենց իրավունքներին և պարտավորություններին։ Մենք սատարում ենք միջազգային հանրությանը ծովերի ազատության և ինքնիշխանության հարգանքի պաշտպանության հարցում, և մերժում ենք Հարավչինական ծովում կամ հարակից տարածքում «ուժի իրավունքի» սկզբունքով ճնշում գործադրելու ցանկացած փորձ։

XS
SM
MD
LG