Միացյալ Նահանգները մեծացնում է ճնշումը Ռուսաստանի վրա՝ ընդլայնելով ֆինանսական պատժամիջոցները և մուտքի արտոնագրային սահմանափակումներն այն անձանց նկատմամբ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները, ինչպես նաև նրանց, ովքեր փորձում են նպաստել ԱՄՆ-ի և նրա գործընկերների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից խուսափելուն։
Պետքարտուղարությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել Խուսեյն Մեռլովիչ Խուտաևին, Նուրիդ Դենիլբեկովիչ Սալամովին և Ջաբրայիլ Ալխազուրովիչ Ախմատովին՝ համաձայն Հոդված 7031(c)-ի՝ Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպան Օյուբ Տիտիևի դեմ իրականացված մարդու իրավունքների կոպիտ խախտումներին իրենց մասնակցության համար։
Ռուսաստանի Դաշնությունում այլակարծությունը ճնշելու մեջ ներգրավված պաշտոնյաներին վերաբերող քաղաքականության շրջանակներում Պետքարտուղարությունը 587 անձանց նկատմամբ մուտքի արտոնագրային սահմանափակումներ է կիրառել։
Պետքարտուղարությունը հայտարարել է մուտքի արտոնագրային սահմանափակումներ մտցնելու լրացուցիչ գործողությունների մասին 48 անձանց նկատմամբ, որոնք սպառնալիքի տակ են դնում կամ խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը։ Նրանցից տասը այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» կամ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ինքնահռչակ «իշխանությունների» ներկայացուցիչներ են, որոնք ներգրավված են 2014 թվականից ի վեր Ռուսաստանի կողմից վերահսկվող Դոնբասի շրջաններում մարդու իրավունքների խախտումներում։
Պետքարտուղարությունը նաև քայլեր է ձեռնարկել Բելառուսի 17 քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրային սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ՝ Բելառուսում ժողովրդավարությունը խաթարելու համար։ Այս անձինք հետապնդել և ահաբեկել են Բելառուսում ժողովրդավարական շարժմանն աջակցող դասադուլավորներին և նպաստել են բուհերից ուսանողների հեռացմանը խաղաղ ցույցերին մասնակցելու համար։
Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է մի շարք կազմակերպությունների և անհատների՝ Միացյալ Նահանգների և նրա միջազգային գործընկերների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից խուսափելու կամ դրան նպաստելու փորձի համար։
Դրանք ներառում են ռուսական առևտրային Տրանսկապիտալբանկը և ավելի քան 40 ֆիզիկական և իրավաբանական անձանցից կազմված գլոբալ ցանցը, որը գլխավորում է ԱՄՆ-ի կողմից ցուցակում ներառված ռուս օլիգարխ Կոնստանտին Մալոֆեևը։ Այս կազմակերպություններից մի քանիսի առաջնային առաքելությունն է նպաստել ռուսական կազմակերպությունների՝ պատժամիջոցներից խուսանավելուն։
Ցուցակի մեջ են ներառվել նաև Օտկռիտիե բանկի խորհրդի անդամներից 16-ը, ինչպես և կրիպտոարժույթի մայնինգի Բիթրիվեր ԷյՋի խոշոր ընկերությունը և դրա մի քանի դուստր ձեռնարկությունները։
«Ֆինանսների նախարարությունը կարող է թիրախավորել և թիրախավորում է նրանց, ովքեր խուսափում են, փորձում են խուսափել կամ օգնում են խուսափելու Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից, քանի որ նրանք աջակցում են Պուտինի սանձազերծած դաժան պատերազմին», ասել է Ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը։
«Միացյալ Նահանգները քայլեր կձեռնարկի՝ երաշխավորելու, որ մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ սահմանած պատժամիջոցները թուլացնեն Կրեմլի կարողությունը ազդեցություն գործադրելու և ֆինանսավորելու իր ներխուժումը»։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանում մարդու իրավունքները ոտնահարողների և պատժամիջոցներից խուսափողների նկատմամբ
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։