Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ը պարտավորվել է պատասխանատվության ենթարկել՝ Պատերազմական հանցագործություններ գործողներին


Միացյալ Նահանգները պարտավորվել են պատասխանատվության ենթարկել աշխարհում բոլոր նրանց, ովքեր մեղավոր են զանգվածային վայրագությունների մեջ։ 

Այդ նպատակին ծառայող ծրագրերից է «Պատերազմական հանցագործությունների պարգևների ծրագիրը», որը առաջարկում է մինչև 5 միլիոն ԱՄՆ դոլար այն տեղեկատվության համար, որը կնպաստի պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ միջազգային դատարանների կողմից մեղադրվող քաղաքացիների ձերբակալմանը կամ դատապարտմանը։

Ծրագիրը իրականացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի Համաշխարհային քրեական արդարադատության վարչությունը, որը ղեկավարում է համաշխարհային քրեական արդարադատության հարցերով գերագույն դեսպան Մորս Թենը։

Հարցազրույցներից մեկում դեսպան Թենն ասել է, որ ներկայում ծրագրի թիրախում 6 անձինք են, որոնք գտնվում են ազատության մեջ և Քրեական տրիբունալների միջազգային մնացորդային մեխանիզմի կողմից հետախուզվում են 1994 թվականին Ռուանդայում առնվազն 800,000 մարդու կյանք խլած ցեղասպանության մեջ իրենց դերակատարության համար։

Դեսպան Թենը հայտնել է 2020 թվականի մայիսին այդ ցուցակից պատերազմական հանցագործներից մեկի ձերբակալման մասին.

«Ֆելիսյեն Կաբուգան, որը Ռուանդայի ցեղասպանության ենթադրյալ գլխավոր ֆինանսական հովանավորն էր և ամենամեծ հրահրողներից մեկը, ձերբակալվել է Փարիզի արվարձաններից մեկում։ Ավելի քան 26 տարի նա ազատության մեջ էր և գլխավորում էր մեր ծրագրի պատերազմական հանցագործությունների համար հետախուզվողների ցուցակը։ Ուստի նրա ձերբակալումը լուրջ ձեռքբերում էր»։

«Պատերազմական հանցագործությունների պարգևների ծրագրի» ցուցակի և ցեղասպանության մեջ իրենց դերակատարության համար հետախուզվող մնացած վեց ռուանդացիներն են Պրոտեայս Մպիրանյան, Ֆուլգենս Կայիշեման, Ալոյս Նդիմբատին, Ֆենեաս Մունյարուգարաման, Շառլզ Սիկուբվաբոն և Ռյանդիկայոն։ Տվյալ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում կարող եք գաղտնի նամակ ուղարկել ծրագրի էլեկտրոնային փոստին WCRP@state.gov հասցեով կամ WhatsApp կամ տեքստային հաղորդագրություն ուղարկել +1-202-975-5468 հեռախոսահամարին։

Դեսպան Թենը նշել է նման մարդկանց կողմից կատարված վայրագությունները անպատիժ չմնալու կարևորության մասին։


«Դա ոչ միայն արդարության հասնելու, այլև զանգվածային հանցագործությունների հետագա կանխարգելման նպատակ է հետապնդում»։

«Հաշվետվողականությունը», հայտարարել է դեսպան Թենը, «ապագայում նման աղաղակող անարդարության կրկնությունը կանխելու միակ լավագույն միջոցն է»։

XS
SM
MD
LG