Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն ընդլայնել է Լիբանանի խաղաղ բնակչությանը ցուցաբերվող օգնությունը


Ծուխ է բարձրանում Իսրայելի ավիահարվածից` Դահիեում, Բեյրութ, Լիբանան, երեքշաբթի, հոկտեմբերի 8, 2024թ.
Ծուխ է բարձրանում Իսրայելի ավիահարվածից` Դահիեում, Բեյրութ, Լիբանան, երեքշաբթի, հոկտեմբերի 8, 2024թ.

2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի ահաբեկչական գրոհ ձեռնարկեց Իսրայելի դեմ, ինչը պատերազմի սկիզբ դարձավ, որի հետևանքով Գազայում սպանվեցին տասնյակ հազարավոր անմեղ պաղեստինցիներ։

Ցավալիորեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կոպիտ խախտմամբ՝ «Հեզբոլլահը», որը Իրանի կողմից աջակցություն ստացող մեկ այլ ահաբեկչական խմբավորում է, միացավ հակամարտությանը՝ հազարավոր հրթիռներ արձակելով Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Մինչև այս սեպտեմբեր Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հրթիռային փոխհրաձգության հետևանքով՝ իսրայելա-լիբանանյան սահմանի երկու կողմերում մոտ 150 հազար խաղաղ բնակիչներ հարկադրաբար լքել են իրենց տները։

Սեպտեմբերի կեսերից սկսած՝ Իսրայելը մի շարք ծանր հարվածներ է հասցրել «Հեզբոլլահին»՝ ոչնչացնելով խմբավորման առաջնորդներին, նաև ինտենսիվ օդային հարվածներ հասցնելով Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին և ցամաքային ներխուժում իրականացնելով Լիբանանի հարավի այն շրջաններ, որոնք «Հեզբոլլահի» իշխանության ներքո են։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հակամարտության հետևանքով Լիբանանում ավելի քան մեկ միլիոն մարդ լքել է իրենց տները, ավելի քան երկու հարյուր հազարը հատել է հարևան Սիրիայի սահմանը։

«Լիբանանի ժողովուրդը կանգնած է ահագնացող հումանիտար իրավիճակի առջև»,- X-ում գրել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ «Մտահոգված եմ Լիբանանում տառապող քաղաքացիական անձանց անվտանգությամբ ու բարեկեցությամբ և շարունակելու եմ աշխատել՝ օգնելու բավարարել այնտեղ գտնվող խաղաղ բնակիչների կարիքները։ Այդ նպատակով Միացյալ Նահանգները մոտ 157 միլիոն դոլար լրացուցիչ օգնություն կտրամադրի Լիբանանի ժողովրդին՝ օգնելու հոգալ վերջին հակամարտության հետևանքով տեղահանված անձանց առաջնային կարիքները՝ ապահովելով սնունդ, ապաստան, [խմելու] ջուր, պաշտպանություն և սանիտարական պայմաններ։ Այս հավելյալ աջակցության հետ միասին՝ նախորդ մեկ տարում ԱՄՆ-ի կողմից Լիբանանին տրամադրված օգնության ծավալը կգերազանցի 385 միլիոն դոլարը»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն հայտարարությամբ նշել է, որ հավելյալ աջակցությունը կօգնի նաև նրանց, ովքեր Լիբանանից հարևան Սիրիա են փախչել։

Հայտարարելով հավելյալ օգնության հատկացման մասին՝ պետքարտուղար Բլինքենն ասել է. «Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Լիբանանում և ողջ տարածաշրջանում բնակչության ամենախոցելի շերտերին։ Կոչ ենք անում մյուս դոնորներին միանալ մեզ՝ ակտիվացնելու ներդրումները՝ հումանիտար այս նոր կարիքներին ընդառաջ գնալու համար»։

Մերձավորարևելյան առաջնորդների հետ վերջին քննարկումների մասին ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունների համաձայն՝ Բլինքենն ընդգծել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կիրառման կարևորությունը, որը թույլ կտա լիբանանա-իսրայելական սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիական անձանց վերադառնալ իրենց տները։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG