Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական բնակչության վրա


Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի չհրահրված գործողությունների առաջին իսկ օրերից ռուսական զինված ուժերը սպանել են խաղաղ բնակիչների և վնասել կամ ոչնչացրել քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ռուս զինվորականների կողմից գնդակոծված շատ օբյեկտներ ակնհայտորեն քաղաքացիական նպատակներով օգտագործվող ենթակառուցվածքներ էին, այդ թվում՝ դպրոցներ, հիվանդանոցներ, առևտրի կենտրոններ և բազմաբնակարան շենքեր։

Հոկտեմբերի 9-ից սկսած՝ ի պատասխան անհայտ անձանց հարձակման, որի արդյունքում վնասվել է Ղրիմի թերակղզին Ռուսաստանի հարավին միացնող ռուսական կամուրջը, որը ավտոմոբիլային և երկաթուղային կանոնավոր հաղորդակցությունից բացի օգտագործվում էր նաև ռազմական տեխնիկա և բեռներ փոխադրելու համար, ռուսական զինված ուժերը սաստկացրել են Ուկրաինայի խաղաղ բնակչությանն ահաբեկելու գործողությունները։ Վլադիմիր Պուտինի զորքերը հրթիռակոծել են առաջնագծից հեռու գտնվող մի շարք քաղաքացիական օբյեկտներ։ Դա ամենադաժան հարձակումն էր խաղաղ բնակիչների վրա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի առաջին օրերից ի վեր։

«Ուկրաինայի դեմ Կրեմլի այսօրվա հարվածները կրկին ընդգծում են Ռուսաստանի սանձազերծած դաժան պատերազմի խաղադրույքները», ասվում է պետքարտուղար էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։ «Ռուսական ռումբերը հարվածներ են հասցրել Կիևի մանկական խաղահրապարակներին ու հանրային այգիներին, ալիք առ ալիք հրթիռները խոցում էին Կիևի փողոցները և վնասում ջեռուցումն ու ոչ ռազմական թիրախները ամբողջ Ուկրաինայում»։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Ռուսաստանի հրթիռային հարվածները … ամբողջ Ուկրաինայում, այդ թվում՝ Կիևում։ Այդ հարձակումների հետևանքով զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, ոչնչացվել են ոչ ռազմական թիրախներ։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս ուկրաինացի ժողովրդի դեմ պարոն Պուտինի անօրինական պատերազմի ծայրահեղ դաժանությունը», ասել է նախագահ Ջո Բայդենը։

«Այդ հարձակումները միայն ավելի են ամրապնդում մեր հանձնառությունը՝ սատարելու Ուկրաինայի ժողովրդին այնքան, որքան անհրաժեշտ է։ Մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին մենք կշարունակենք ծախսեր պարտադրել Ռուսաստանին իր ագրեսիայի համար, պատասխանատվության ենթարկել Պուտինին և Ռուսաստանին վայրագությունների և պատերազմական հանցագործությունների համար, ինչպես նաև ուկրաինական ուժերին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ պաշտպանելու իրենց երկիրն ու իրենց ազատությունը»։

«Ռուսաստանի հարձակումները ևս մեկ անգամ հիշեցում են այն մասին, որ Ուկրաինայի դեմ պատերազմը խորը բարոյական խնդիր է ներկայացնում», ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Ուկրաինան, ինչպես և աշխարհի ցանկացած այլ երկիր, իրավունք ունի ընտրելու իր ապագան և խաղաղ ապրելու միջազգայնորեն ճանաչված իր սահմաններում»։

«Այս պատերազմում կա մեկ ագրեսոր՝ դա Ռուսաստանն է։ Կա միայն մեկ երկիր, որը սրում է այս պատերազմը ուկրաինական տարածքների բռնակցման իր փորձերով և քաղաքացիական բնակչության վրա բազմիցս իր հարձակումներով՝ դա Ռուսաստանն է։ Կա մեկ մարդ, որը կարող է կանգնեցնել այս պատերազմը և դուրս բերել ռուսական զորքերը՝ դա Վլադիմիր Պուտինն է։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG