Accessibility links

Breaking News

ՄԱԿ-ը և ԱՄՆ-ն անհանգստացած են Իրանում ցուցարարների նկատմամբ բռնաճնշումներով


University students attend an anti-government protest inside Tehran University. (File)
University students attend an anti-government protest inside Tehran University. (File)

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով տասնմեկ փորձագետներ լուրջ մտահոգություն են հայտնել խաղաղ ցուցարարների նկատմամբ իրանական կառավարության դաժան ճնշումների կապակցությամբ:

«Մենք անհանգստացած ենք ուսուցիչների, աշխատանքային իրավունքների պաշտպանների և արհմիությունների ղեկավարների, իրավաբանների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների ենթադրաբար կամայական ձերբակալությունների վերջին սրացումով», ասվում է հայտարարության մեջ։ «Քաղաքացիական հասարակության և անկախ ընկերակցությունների օրինական աշխատանքի ու գործունեության շրջանակն անհավանականորեն նեղանում է»։

ՄԱԿ-ի փորձագետների հայտարարությունը արվել է Իրանի ողջ տարածքում շարունակվող ցույցերի համատեքստում։ Հասարակության բազմաթիվ շերտեր բողոքում են մի շարք խնդիրների, այդ թվում՝ ցածր աշխատավարձի, վատ աշխատանքային պայմանների, կտրուկ գնաճի, կոռուպցիայի և քաղաքական բռնաճնշումների դեմ։ ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ անվտանգության ուժերը «անհամաչափ ուժ են կիրառել»։ Մայիսի սկզբից առնվազն հինգ ցուցարար է սպանվել, և շատերը ծեծի են ենթարկվել։ Բացի այդ, տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են, և կառավարությունը մի շարք քաղաքներում արգելափակել է ինտերնետի հասանելիությունը։

Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի առջև՝ Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Ռոբերտ Մալին ասել է. «Բողոքի ցույցերը, որ այժմ տեսնում ենք Իրանում, իշխանությունների կոռուպցիայի և վատ կառավարման ցուցանիշն են, իսկ բողոքի ցույցերի նկատմամբ դաժան արձագանքը վկայում է կառավարության բարոյական սնանկության մասին»։

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ողջունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների աշխատանքը և հայտարարել, որ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ նրանց մտահոգությունը «անշուշտ, նաև մեր մտահոգությունն է»։

«Մենք դատապարտում ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումը», ասել է Փրայսը։ «Մենք սատարում ենք իրանցիների՝ առանց վախի կամ բռնության խաղաղ հավաքների և արտահայտվելու մարդու իրավունքները»։

Մամուլի խոսնակ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն արտոնել է անձնական հաղորդակցության ծրագրային ապահովման և ծառայությունների լայն շրջանակ տրամադրել իրանցիներին։ «Մենք շարունակելու ենք աշխատել մասնավոր հատվածի և Ֆինանսների նախարարության հետ՝ գտնելու հավելյալ լուծումներ Իրանում տեղեկատվության ազատ հոսքը խթանելու և հեշտացնելու համար», ասել է նա։

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել տասնյակ իրանցի պաշտոնատար անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել ցուցարարների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու կազմակերպությունների հանդեպ բռնաճնշումներ գործադրելու մեջ։ «Միացյալ Նահանգները կշարունակի պատասխանատվության ենթարկել Իրանին՝ երկրի ներսում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների համար։ Մենք կշարունակենք պատասխանատվության ենթարկել Իրանին՝ ձեռնարկված յուրաքանչյուր ստոր գործողության համար», հայտարարել է մամուլի խոսնակ Փրայսը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG