Accessibility links

Breaking News

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային ձմռանը գոյատևելու համար


USAID Administrator Samantha Power during her visit to farmers who receive drone spraying service from USAID in outskirts of Kyiv, Ukraine, Oct. 6, 2022.
USAID Administrator Samantha Power during her visit to farmers who receive drone spraying service from USAID in outskirts of Kyiv, Ukraine, Oct. 6, 2022.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ձմեռն օգտագործել որպես պատերազմի զենք, հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

Հետզհետե ավելի թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները՝ Ռուսաստանի ուժերը սպառնում են հարյուր հազարավոր ուկրաինացիների թողնել առանց ջերմության և էլեկտրականության տարվա ամենացուրտ ամիսներին։ Ջանալով օգնել ուկրաինացի ժողովրդին պաշտպանվել նման մարտավարությունից՝ իր վերջին այցի ժամանակ Փաուերը հայտարարել է հավելյալ 55 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ օժանդակելու ուկրաինացիներին դիմակայել գալիք ձմռան ցրտին։

Նրա խոսքերով՝ այս աջակցությունը կօգնի մինչև յոթ միլիոն ուկրաինացիների այս ձմռանը ստանալու խիստ անհրաժեշտ ջերմությունը։ «Մենք գիտենք, որ ավելին է հարկավոր, և մենք աշխատում ենք այլ երկրների, այլ դոնորների հետ՝ այս ձմեռ էներգիայի, էլեկտրականության և գազի այս կենսական կարևոր խնդիրը լուծելու համար»։

Փաուերը հանդիպել է ուկրաինացի ֆերմերների հետ, որոնց հողերը գրավվել էին ռուսական զորքերի կողմից, այնուհետև ազատագրվել, որոնց գյուղատնտեսական տեխնիկան թալանվել, գողացվել կամ ավերվել էին, իսկ վարելահողերն ու տները ականապատվել։ Նա նաև հանդիպել է ֆերմերների հետ, որոնք մինչև ՄԱԿ-ի ու Թուրքիայի միջև սևծովյան գործարքի կնքումը որևէ հնարավորություն չունեին իրենց հավաքած ցորենը դուրս բերելու երկրից։ Մի քանի ամիս առաջ ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարեց 100 միլիոն դոլար արժողությամբ «AGRI-Ukraine» նախաձեռնության մասին՝ սատարելու այն ուկրաինացի ֆերմերներին, որոնք փորձում են ավելի շատ հացահատիկ փոխադրել ցամաքով, երկաթուղով և գետով։

«AGRI-Ukraine» ծրագիրը կենսական դեր է խաղում՝ օգնելու Ուկրաինային ոտքի կանգնել՝ անկախ այն հանգամանքից, որ երկիրը շարունակում է հաջողություններ գրանցել մարտի դաշտում։ Ուկրաինայի տնտեսությունը չի կարող սպասել այս հակամարտության պաշտոնական ավարտին, զգուշացրել է Փաուերը։ Ուկրաինացի ուսուցիչները, քաղծառայողները, խանութպանները և այլ մասնագետներ ցանկանում են աշխատել այստեղ և հիմա։ Եվ հարկային եկամուտները, որոնք նրանք վճարելու են, կարևոր են Ուկրաինային ոտքի կանգնեցնելու համար։

«Իմ հիմնական ուղերձն այստեղ նույնն է», հայտարարել է Փաուերը, «Միացյալ Նահանգները, մենք՝ ամերիկացի ժողովուրդը, սատար ենք կանգնած Ուկրաինայի ժողովրդին նրա կարիքի պահին։ Եվ մենք ուկրաինացի ժողովրդի կողքին կլինենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Մենք գիտակցում ենք այն դժվարությունները, սարսափները, որոնք անհիմն հասցվում են այս մեծ երկրի ժողովրդին։ Եվ մենք ցանկանում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք մեր գործընկերներին տեղում հաղթահարել ոչ միայն այս ձմեռը, այլև այս մարդածին ճգնաժամի շատ հետևանքներ»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG