Accessibility links

Breaking News

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է


Կարմիր ժապավենով կապած ձեռքերը պահում են գլոբուսը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա գովազդային պաստառում
Կարմիր ժապավենով կապած ձեռքերը պահում են գլոբուսը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա գովազդային պաստառում

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը նշվում է 1988 թվականից՝ որպես ՁԻԱՀ-ի համաճարակի մասին իրազեկվածության բարձրացման միջոցառումների մաս և ի հիշատակ հիվանդությունից կամ դրա բարդություններից զոհվածների։

Այս տարվա թեման է՝ «Ընտրիր իրավունքների ուղին․ իմ առողջությունը իմ իրավունքն է»։ Սա հիշեցում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվել իրեն անհրաժեշտ առողջապահական ծառայություններից՝ ներառյալ ՄԻԱՎ-ի կանխարգելումը, բուժումն ու խնամքը, երբ և որտեղ դրա կարիքը կլինի։ Այս իրավունքը պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ նրանց ՄԻԱՎ կարգավիճակից, ծագումից, էթնիկ պատկանելությունից, սեռից կամ բնակության վայրից։

ՄԻԱՎ-ը սպանում է իր զոհերին՝ խաթարելով նրանց իմունային համակարգը: Երբ 36 տարի առաջ առաջին անգամ նշվեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումը մահվան դատավճիռ էր, և հիվանդի կյանքի տևողությունը մոտ երկու տարի էր։ Սակայն այսօր` տեսանելի ապագայում ՁԻԱՀ-ից զերծ սերունդ ունենալու հնարավորության շեմին ենք։

Այդուհանդերձ, չնայած կանխարգելման և բուժման ոլորտում գրանցված հսկայական առաջընթացին, հասարակության մարգինալացված խմբերը շարունակում են մնալ ՄԻԱՎ-ով վարակվելու անհամաչափ բարձր ռիսկի տակ։ Բնակչության այդ խմբերի ներկայացուցիչները հաճախ ենթարկվում են պարսավանքի, խտրականության և բռնության, իսկ երբեմն նույնիսկ քրեական հետապնդման այնպիսի օրենքների շրջանակում, որոնք ուղղված են որոշակի մարգինալացված խմբերի դեմ, ինչպիսիք են սեռական ծառայություններ մատուցողները կամ նույնասեռական տղամարդիկ։

Սակայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը՝ որպես հանրային առողջապահական սպառնալիք, հնարավոր չէ հաղթահարել՝ առանց հաշվի առնելու այս և այլ առանցքային խմբերի յուրահատուկ կարիքները։

Իր հերթին, Միացյալ Նահանգներում գործում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նախագահական արտակարգ ծրագիր (PEPFAR)։ 2003 թվականին մեկնարկելուց ի վեր ծրագիրը հաջողությամբ կրճատել է վարակի փոխանցման նոր դեպքերը, ընդլայնել թեստավորման հնարավորությունները և նախորդ երկու տասնամյակների ընթացքում փրկել ավելի քան 25 միլիոն կյանք շուրջ 50 գործընկեր երկրներում։ «PEPFAR-ը նպատակ ունի ձևավորել այնպիսի ապագա, որտեղ կկանխվի ՄԻԱՎ-ի յուրաքանչյուր վարակ, յուրաքանչյուր ոք կունենա բուժման հասանելիություն, և որտեղ յուրաքանչյուր սերունդ կարող է ապրել առանց խարանի, որը շատ հաճախ ուղեկցում է ՄԻԱՎ ունեցողին»,- նշված է նախագահ Ջո Բայդենը գրավոր ուղերձում։

«Մոտ ենք ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացնելուն։ Ունենք գիտություն։ Ունենք բուժման մեթոդներ։ Բայց ամենակարևորը՝ ունենք միմյանց»,- ասել է նա։

«Եկեք հարգենք այս հիվանդության պատճառով իրենց սիրելիներին կորցրած բոլոր ընտանիքների և ներկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող բոլոր մարդկանց հիշատակը։ Հիշենք ակտիվիստներին, գիտնականներին, բժիշկներին և հիվանդների խնամողներին, որոնք երբեք չեն հանձնվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարում։ Վերահաստատե՛նք այս պայքարը միասին ավարտին հասցնելու մեր հանձնառությունը»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG