Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն և ԵՄ-ն աջակցում են Հայաստանի ժողովրդավարական ապագային


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Վերջերս Բրյուսել կատարած այցի ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է «անդրատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված ու խաղաղ հարավկովկասյան տարածաշրջանին»։

«Կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը։ Ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ, խաղաղության մեջ իր հարևանների հետ և տարածաշրջանի ու աշխարհի հետ կապված երկիր։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ցանկանում են գործընկեր դառնալ այս ջանքերում»։

Միացյալ Նահանգները ներդրումներ է կատարում Հայաստանի կառավարության քաղաքական և տնտեսական բարեփոխումների ծրագրում, ընդգծել է պետքարտուղար Բլինքենը.

«Նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել, ինչը 50 տոկոսով ավելի է, քան երկու տարի առաջ։ Մտադիր ենք հետագայում ևս ընդլայնել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսական կայունությանը՝ ներդրումներ կատարելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և [Հայաստանի] վարչապետի կողմից սահմանված այլ առաջնահերթությունների մեջ»։

Միացյալ Նահանգները նաև հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային ու քայլեր է ձեռնարկում՝ աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությունը։

Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ շարունակում է ԱՄՆ ուշադրության կենտրոնում մնալ անցած տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար հայերին աջակցելը, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց անջատողական տարածաշրջանի դեմ։

«Սա վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի երկարաժամկետ կայունության և բարգավաճման, ինչպես նաև նրա տարածաշրջանային անվտանգության համար։ Եվ մենք աջակցում ենք տնտեսության, հասարակության մեջ մարդկանց ինտեգրելու ջանքերին, այդ թվում՝ բնակարանային ապահովման, աշխատանքային հնարավորությունների և կրթության հասանելիության միջոցով»։

Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը անվտանգության և բարգավաճման բանալին է՝ հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որն ուղղված է նոր տրանսպորտային երթուղիների, էներգետիկ համագործակցության և հեռահաղորդակցության միջոցով ավելի ինտեգրված Հարավային Կովկասի ձևավորմանը։ Այն կնպաստի դիվերսիֆիկացված տնտեսությունների [ստեղծմանը], հնարավորությունների ընդլայնմանը և կխթանի խաղաղության ու հաշտեցման ջանքերը։

Էնթոնի Բլինքենն ասել է․ «Ավելի ինտեգրված տարածաշրջանը հզոր ապագա ունի, որն օգուտ կբերի մարդկանց ու փոխկապակցված երկրներին։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ցանկանում են օգնել Հայաստանին՝ կառուցել դա»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG