Accessibility links

Breaking News

Ապօրինի ներգաղթի արմատական պատճառների վերացմանն ուղղված քաղաքականություն


Բայդեն-Հարիս վարչակազմը մշակել է հավակնոտ, բազմակողմանի մոտեցում՝ ուղղված ապօրինի ներգաղթի կամ միջազգային սահմանների հատումը կարգավորող օրենքների, կանոնակարգերի կամ միջազգային պայմանագրերի շրջանակներից դուրս անձանց անդրսահմանային տեղաշարժի արմատական պատճառների վերացմանը։

Այդ մոտեցումը ենթադրում է Կենտրոնական Ամերիկայի և այլ գործընկեր երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանք՝ լուծելու տարածաշրջանում առկա խնդիրները, որոնք շատ-շատերին ստիպում են լքել իրենց տները և փախչել Միացյալ Նահանգներ։

Ապրիլի 26-ին Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեիի հետ երկկողմ վիրտուալ հանդիպմանը փոխնախագահ Քամալա Հարիսը նշել է, որ ապօրինի ներգաղթի հիմքում ընկած են մի շարք վաղեմի խնդիրներ, որոնք ունեն խորքային պատճառներ։

«Մեր ուշադրության կենտրոնում են աղքատության և տնտեսական հնարավորությունների բացակայության խնդիրը, ծայրահեղ եղանակային պայմանների և կլիմային հարմարվողականության բացակայության հարցը, ինչպես նաև կոռուպցիան և պատշաճ կառավարման բացակայությունը, կանանց, բնիկների, ԼԳԲՏՔ համայնքի և աֆրիկյան ծագումով անձանց նկատմամբ բռնությունը»։

«Միացյալ Նահանգները նախատեսում է ավելացնել տարածաշրջանում օգնությունը, ամրապնդել մեր համագործակցությունը՝ ներգաղթի արդյունավետ, անվտանգ և մարդասիրական կառավարման համար», ասել է փոխնախագահ Հարիսը։

«Ի լրումն մեր երկկողմ աշխատանքին և բազմակողմ ջանքերին՝ Միացյալ Նահանգները մշակում է համապարփակ ռազմավարություն միջազգային կառույցների, ամբողջ աշխարհում իր դաշնակիցների, ԱՄՆ-ում հիմնադրամների, մասնավոր հատվածի, ինչպես նաև համայնքային կազմակերպությունների ներգրավմամբ»։

Վիրտուալ հանդիպումից հետո փոխնախագահ Հարիսը հայտարարել է, որ տարածաշրջանում մարդասիրական օգնության և սննդի անվտանգության համար Միացյալ Նահանգները լրացուցիչ 310 միլիոն դոլար է տրամադրում՝ հրատապ և անհապաղ կարիքները հոգալու նպատակով։

Դա ենթադրում է մարդասիրական օգնություն Սալվադորի, Գվատեմալայի, Հոնդուրասի և տարածաշրջանի բնակչության համար։ Մարդասիրական օգնությունը ներառում է անհետաձգելի պարենային օգնություն, բնակարանային ապահովում, առողջապահական խնամք, թերսնուցման մոնիթորինգ, ձեռքերի լվացման և հիգիենայի պարագաներ, պաշտպանություն, տնտեսական վերականգնման ծրագրեր, ինչպես նաև հնարավոր աղետներին և կլիմայական ցնցումներին դիմակայելու ուսուցողական դասընթացներ։

«Մեր գործունեությունը մասամբ ոգեշնչված է այն գաղափարով, որ, անշուշտ, Արևմտյան կիսագունդը մեր հավաքական տունն է, և այնտեղ ապրող մարդիկ և մեր հարևանները մեր շուրջն են, ուստի մենք չենք կարող անմասն մնալ», նշել է փոխնախագահ Հարիսը։

«Ես գտնում եմ, որ այս գործունեությունում հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի յուրաքանչյուրի մասնակցությունը, և հավատացած եմ, որ մեր նպատակների իրագործման համար կպահանջվի նաև քաղաքական կամք և համառ աշխատանք։ Սակայն վստահ եմ, որ մենք կարող ենք արձանագրել առաջընթաց և ստեղծել ապագայի նկատմամբ հույսի զգացում»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG