Հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Ջեֆրի ԴեԼաուրենտիսը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին խոսելով ԳՀՀԾ-ն (ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2231 բանաձև) ամրագրող 2015 թվականի բանաձևի կատարման վերաբերյալ, ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի աջակցությունը Վիեննայում ընթացող միջուկային քննարկումներին։ Նա նաև բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի վերջին զեկույցը Իրանի այն գործողությունների վերաբերյալ տեղեկատվության ներառման համար, որոնք անհամատեղելի են թիվ 2231 բանաձևի հետ։
«Այս զեկույցն ընդգծում է այն, ինչն արդեն ակնհայտ էր որոշ ժամանակ», ասել է նա։ «Իրանը շարունակում է անտեսել 2231 բանաձևի այն դրույթը, որով կոչ է արվում Իրանին չձեռնարկել միջուկային զենքի մատակարարման համար նախատեսված բալիստիկ հրթիռների հետ կապված որևէ գործողություն»։
Ավագ խորհրդական ԴեԼաուրենտիսը նաև վկայակոչել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի զեկույցները, որոնց համաձայն՝ Իրանը ձեռնարկում է էսկալացիոն քայլեր, որոնք գերազանցում են ԳՀՀԾ-ի միջուկային սահմանափակումները, ներառյալ՝ ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս U-235 և մետաղական ուրանի արտադրությունը։ Դեսպան ԴեԼաուրենտիսը կոչ է արել Իրանին «ձեռնպահ մնալ հետագա էսկալացիոն քայլերից և վերադառնալ ԳՀՀԾ-ի իր բոլոր պարտավորությունների լիարժեք կատարմանը, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից լրացուցիչ արձանագրության ստուգման, մշտադիտարկման և իրականացման հետ կապված»։
Ահաբեկչությանն ուղղված Իրանի աջակցությունը նույնպես մտահոգիչ է, քանի որ այն սպառնում է ԱՄՆ-ի ուժերին, դիվանագիտական անձնակազմին և դաշնակիցներին, նշել է դեսպան ԴեԼաուրենտիսը։ «Մենք կշարունակենք օգտագործել մեր տրամադրության տակ եղած ամբողջ գործիքակազմը՝ տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողություններին հակազդելու համար, և խթանել իրանական սովորական սպառազինությունների տարածման դեմ պայքարի վերաբերյալ Անվտանգության խորհրդի մյուս բանաձևերի իրականացումը»։
Ինչ վերաբերում է Իրանի միջուկային գործունեությանը, դեսպան ԴեԼաուրենտիսն ընդգծել է այն, ինչ նախագահ Ջո Բայդընը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հստակ հայտարարել են. «Միացյալ Նահանգները պարտավորվում են ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա, և մենք կարծում ենք, որ դիվանագիտությունը՝ մեր դաշնակիցների և տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցությամբ, այդ նպատակին հասնելու լավագույն ճանապարհն է», հայտարարել է նա։ «Վիեննայում քննարկումների վերջին մի քանի փուլերն օգնեցին հստակեցնել Իրանի և Միացյալ Նահանգների կողմից կայացվելիք որոշումները, որոնք հնարավոր կդարձնեն ԳՀՀԾ-ի պահանջներին երկուստեք վերադարձը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։