Ավերված տները և ուկրաինացի տղամարդկանց, կանանց և երեխաների մարմինները, որոնք մնացել են փլատակների տակ կամ պարզապես փողոցներում, ի ցույց են դնում այն սարսափը, որն իրականություն դարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ինքնիշխան հարևանի դեմ չհիմնավորված պատերազմ սկսելու որոշման պատճառով։
Ոչինչ չի կարող համեմատվել Ուկրաինայի ժողովրդի տառապանքների հետ։
Տուժում է նաև ռուս ժողովուրդը։ Ուկրաինա ներխուժման ընթացքում զոհված հազարավոր ռուս զինծառայողների ծնողները և ընտանիքները սգում են իրենց երեխաների կորուստը։ Ռուսաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 15,000 հակապատերազմական ցուցարարների երկրի տարբեր քաղաքներում։ Ռուսաստանի տնտեսությունը տուժել է տնտեսական կոշտ պատժամիջոցներից։ Դիտորդների գնահատմամբ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում երկու հարյուր հազարից ավելի ռուսաստանցիներ լքել են իրենց հայրենիքը։
Եվրոպա կատարած իր վերջին այցի ավարտին Վարշավայում ունեցած ելույթում նախագահ Բայդենը աներկբա ուղերձ է հղել ուկրաինացի ժողովրդին. «Մենք աջակցում ենք ձեզ»։
Նա նաև դիմել է Ռուսաստանի ժողովրդին. «Դուք մեր թշնամին չեք», ասել է նա։ «Ես հրաժարվում եմ հավատալ, որ դուք ողջունում եք անմեղ երեխաների, տատիկ-պապիկների սպանությունները, կամ որ ձեզ համար ընդունելի է հիվանդանոցների, դպրոցների, ծննդատների հրետակոծությունները ռուսական հրթիռներով և ռումբերով, կամ քաղաքների շրջափակումը, որպեսզի խաղաղ բնակիչները չկարողանան փախչել, կամ մատակարարումների դադարեցումը և սովամահության սպառնալիքով ուկրաինացիներին հպատակեցնելու փորձերը»։
Նախագահ Բայդենը նշել է, որ «աշխարհի բոլոր մարդկանցից» ռուսների, ինչպես նաև Եվրոպայում շատ մարդկանց մոտ, դեռ թարմ են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Լենինգրադի և Ստալինգրադի պաշարման սարսափների հիշողությունները՝ առանց սննդի, ջրի և դեղամիջոցների, երբ գիշերները անցկացնում էին նկուղներում, իսկ առավոտյան փորփրում էին ռմբակոծված տների փլատակները։
«Վլադիմիր Պուտինի ագրեսիան կտրել է ձեզ՝ ռուս ժողովրդին, մնացած աշխարհից», ասել է նախագահ Բայդենը։ «Սա այն ապագան չէ, որին արժանի են ձեր ընտանիքները և երեխաները… Այս պատերազմն արժանի չէ ձեզ՝ ռուս ժողովրդին»։
«Պուտինը կարող է և պետք է վերջ դնի այս պատերազմին։ Ամերիկացի ժողովուրդը կանգնած է ձեր և Ուկրաինայի խիզախ քաղաքացիների կողքին, որոնք ցանկանում են խաղաղություն», եզրափակել է նախագահ Բայդենը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։