Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն թիրախավորում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ուժերը


Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ Եմենի հումանիտար ճգնաժամը աշխարհում ամենածանրն է։ Եմենը արդեն աղքատ երկիր էր նախքան 2015 թվականին այստեղ հակամարտության սրումը:

Սակայն Իրանի կողմից աջակցություն ստացող հուսիների և միջազգայնորեն ճանաչված կառավարության ուժերի միջև շարունակվող պայքարը լայնածավալ ավերածությունների պատճառ է դարձել:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն վերջերս հայտարարել է. «Իրանի կողմից հուսիների սատարումը սնում է Եմենում հակամարտությունը և` խորացնում երկրի անկայունությունը»։ Այդ աջակցությունը գլխավորում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ուժերը (ԻՀՊԿ-ՂՈւ)` ահաբեկչական և զինյալ խմբավորումներին աջակցելու իրենց քաղաքականության իրագործման Իրանի վարչակարգի հիմնական լծակը։

Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ԻՀՊԿ-ՂՈւ սպա Հասան Իրլուի անունը, որին վերջերս Իրանը ուղարկել էր Սանա՝ որպես վարչակարգի դեսպան հուսի ապստամբների մոտ։ Ինչպես նշվել է ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ. «Իրանը միակ երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել և նշանակել է այսպես կոչված՝ հուսիների ներկայացուցչություն։ Տարիներ շարունակ Իրլուն աջակցել է հուսիներին ժամանակակից զենք և ռազմական ուսուցում տրամադրելու ԻՀՊԿ-ՂՈւ ջանքերին։ Իրլուն սերտ հարաբերություններ էր պահպանում ԻՀՊԿ-ՂՈւ նախկին հրամանատար Քասեմ Սուլեյմանիի հետ։ Նա նաև վերապատրաստում է իրականացրել Իրանում «Հեզբոլլահ» խմբավորման անդամների համար»։

Պետքարտուղար Փոմփեոն հայտարարել է, որ «Իրլուին Եմեն ուղարկելով՝ ԻՀՊԿ-ՂՈւ-ն ազդարարում է հուսիների աջակցությունն ամրապնդելու և բանակցային կարգավորման հասնելու միջազգային ջանքերն է՛լ ավելի բարդացնելու իր մտադրության մասին։ ԱՄՆ-ն շարունակում է սատարել հրադադարին և քաղաքական կարգավորմանը միտված գործողություններին»․ասել է նա։

Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև իրանական Ալ-Մուստաֆա միջազգային համալսարանի նկատմամբ՝ իր բազմաթիվ միջազգային մասնաճյուղերում ԻՀՊԿ-ՂՈւ հավաքագրման ջանքերին նպաստելու համար։ Պատժամիջոցների է ենթարկվել նաև Պակիստանի քաղաքացի Յուսեֆ Ալի Մուֆաջը, որը ներգրավված է եղել Մերձավոր Արևելքում և Միացյալ Նահանգներում գործողություններ ծրագրելու և իրականացնելու ԻՀՊԿ-ՂՈւ գործունեության մեջ։

«ԻՀՊԿ-ՂՈւ-ն դիմում է ցանկացած հնարավորության իր բռնի և կործանարար օրակարգն առաջ մղելու համար, այդ թվում՝ օգտագործելով Մերձավոր Արևելքի հակամարտությունները և հարկադրելով խոցելի անհատներին պայքարել ի շահ իրանական վարչակարգի», ասել է պետքարտուղար Փոմփեոն։ «Միացյալ Նահանգները կշարունակի կիրառել այդ չարամիտ գործելակերպին հակազդելու համար բոլոր հասանելի գործիքները»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG