Նավթը և գազը կազմում են Ռուսաստանի արտահանման ծավալի 63 տոկոսը՝ ապահովելով երկրի դաշնային եկամուտների մոտ 40 տոկոսը։ Ածուխը Ռուսաստանի եկամտի հինգերորդ ամենախոշոր աղբյուրն է։
Այսպիսով, «Միացյալ Նահանգները թիրախավորում է Ռուսաստանի տնտեսության գլխավոր զարկերակը», հայտարարել է նախագահ Բայդենը։
«Մենք արգելում ենք ռուսական նավթի, գազի և բոլոր էներգակիրների ներկրումը։ Դա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի ընդունվի ամերիկյան նավահանգիստներում, և ամերիկացի ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային»։
Մարտի 8-ին նախագահ Բայդենը ստորագրել է գործադիր հրաման, որով արգելվում է Ռուսաստանից հում նավթի և որոշ նավթամթերքների, հեղուկ բնական գազի և ածխի ներմուծումը Միացյալ Նահանգներ՝ Կրեմլին զրկելով միլիարդավոր դոլարների եկամուտներից։
Այդ հրամանով նաև արգելվում են Ռուսաստանի էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի նոր ներդրումները։ Դա կանխում է ամերիկյան ընկերությունների և ներդրողների կողմից Ռուսաստանում էներգիայի արտադրության ընդլայնմանն ուղղված՝ Վլադիմիր Պուտինի ջանքերի ֆինանսավորումը։ Նույն պատճառով ամերիկացիներին արգելվում է ֆինանսավորել կամ օժանդակել Ռուսաստանի էներգարտադրության ոլորտում ներդրումներ կատարող օտարերկրյա ընկերություններին։
Միացյալ Նահանգները միայնակ չի կայացրել այդ որոշումը, նշել է նախագահ Բայդենը։
«Մենք այս որոշումը կայացրել ենք ամբողջ աշխարհում և հատկապես Եվրոպայում մեր դաշնակիցների և գործընկերների հետ սերտ խորհրդակցությունների արդյունքում, քանի որ իմ առաջնահերթ խնդիրն է միահամուռ կերպով արձագանքել Պուտինի ագրեսիային՝ պահպանելով ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի բոլոր անդամների և մեր դաշնակիցների լիակատար միասնությունը»։
«Միացյալ Նահանգները երկրի ներսում ավելի շատ նավթ է արդյունահանում, քան բոլոր եվրոպական երկրները միասին վերցրած», ասել է նախագահ Բայդենը։ «Ուստի մենք կարող ենք նման քայլի դիմել, այն դեպքում, երբ մյուսները չեն կարող»։
Անցյալ տարի Եվրոպական միություն ներկրվող ամբողջ բնական գազի մոտ 45 տոկոսը եկել է Ռուսաստանից։ Նույն օրը, երբ նախագահ Բայդենը հայտարարեց ռուսական հանածո վառելիքի ներմուծման արգելքի մասին, ԵՄ-ն հայտարարեց մինչև տարեվերջ ռուսական գազի ներկրումը երկու երրորդով նվազեցնելու վերաբերյալ իր մտադրության մասին։
«Մենք սերտորեն համագործակցում ենք Եվրոպայի և մեր գործընկերների հետ ռուսական էներգակիրներից իրենց կախվածությունը նվազեցնելու երկարաժամկետ ռազմավարության մշակման ուղղությամբ», ասել է նախագահ Բայդենը։
«Ամերիկացիները համախմբվել են՝ ... սատարելու ուկրաինացի ժողովրդին, և հասկանալի է, որ մենք չենք մասնակցելու պուտինյան պատերազմի սուբսիդավորմանը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։