Դեսպան Թոմաս-Գրինֆիլդի խոսքով՝ դրականն այն է, որ «գիտենք, թե ինչպես ստեղծել խաղաղությանը նպաստող պայմաններ»։ Առաջին քայլը բառերից գործողությունների անցնելն է և կանխարգելմանն ուղղված ջանքեր գործադրելը.
«Կանխարգելումը պահանջում է երկարաժամկետ, համապարփակ և ներառական մոտեցումներ, ինչի համար հարկավոր է քաղաքական կամք, արդյունավետ գործընկերություններ, կայուն ռեսուրսներ և պետական պատասխանատվություն։ Ապացուցված է, որ կանխարգելման պետական ռազմավարությունների մշակումը օգնում է հաղթահարել հակամարտությունների պատճառները և ամրապնդել պետական ենթակառուցվածքները խաղաղության պահպանման համար»։
Ընդգրկուն մասնակցությամբ մշակված և աջակցություն վայելող կանխարգելման ռազմավարությունները կարող են ամրապնդել պետական ինստիտուտները, նպաստել օրենքի գերակայությանը, զորեղացնել քաղաքացիական հասարակությունը և խթանել ավելի մեծ հանդուրժողականություն ու սոցիալական համախմբվածություն։
«Խաղաղությունը, զարգացումը և մարդասիրական ջանքերը փոխկապակցված և փոխամրապնդող գործոններ են»,- ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։ Նաև կոչ է արել անդամ-պետություններին շարունակել սովորել միմյանցից՝ հակամարտությունների կանխարգելման հարցերում։ Սիերա Լեոնեն վառ օրինակ է՝ նշել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը.
«Սիերա Լեոնեն զգալի առաջընթաց է գրանցել հետպատերազմյան ինստիտուտների վերականգնման ու ամրապնդման և իր ժողովրդի, պատերազմից տուժածների որոշ հրատապ կարիքների բավարարման գործում, այդ թվում՝ Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի ստեղծման միջոցով։ Խաղաղաշինության հիմնադրամի կողմից Սիերա Լեոնեին հատկացված աջակցությունը հասցեագրվել է հողային կոնֆլիկտների լուծմանը, անդրսահմանային և սահմանամերձ համայնքների խնդիրների վերացմանը, ինչպես նաև կանանց ու երիտասարդների կարողությունների հզորացմանն ու նրանց ներգրավվածության ապահովմանը»։
Հակամարտությունների կանխարգելմանն ու խաղաղաշինությանն ուղղված ջանքերը արդյունավետ լինելու համար պետք է լինեն ներառական՝ ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը.
«Եթե կանայք, երիտասարդները և այլ թերներկայացված համայնքները լիարժեք, հավասար հիմունքներով և բովանդակալից մասնակցեն քաղաքական և հասարակական կյանքին, քաղաքականությունն ու դրա իրականացումն ավելի մեծ հավանականությամբ կարտացոլեն ամբողջ հասարակության կարիքները և կունենան երկարաժամկետ ու կայուն արդյունքներ բոլորի համար»։
Հաջորդ ամիս կայանալիք «Ապագայի գագաթնաժողովը» և 2025 թվականի Խաղաղաշինության ճարտարապետության վերանայումը կարևոր միջոցառումներ են խաղաղության կառուցմանն ուղղված ջանքերի ամրապնդման համար, այդ թվում՝ հակամարտությունների կանխարգելման և միջնորդության գործում։
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հակամարտությունների կանխարգելման և խաղաղաշինության ՄԱԿ-ի ջանքերին՝ իր տասնամյա ծրագրերի շրջանակներում չորս առաջնահերթ երկրներում, մասնավորապես՝ Հաիթիում, Լիբիայում, Մոզամբիկում և Պապուա Նոր Գվինեայում, ինչպես նաև Արևմտյան Աֆրիկայի ափամերձ շրջանում։
Միացյալ Նահանգները շարունակելու է սատարել ՄԱԿ-ի նախաձեռնությունները, որոնք ուղղված են հակամարտությունների կանխարգելման, միջնորդության և խաղաղության հաստատման ներառական ջանքերի ամրապնդմանը, և կոչ է անում բոլոր անդամ պետություններին նույն կերպ վարվել։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։