Accessibility links

Breaking News

Հոլոքոստի հիշատակի օր - 2023


Barbed wire fence is pictured at the site of the former Nazi German concentration and death camp Auschwitz-Birkenau.
Barbed wire fence is pictured at the site of the former Nazi German concentration and death camp Auschwitz-Birkenau.

Բալթիմորում Հոլոքոստի հուշահամալիրի սև գրանիտե պատվանդանի վրա փորագրված է Ջորջ Սանտայանայի ամենահայտնի ասույթը. «Նրանք, ովքեր չեն հիշում անցյալը, դատապարտված են կրկնելու այն»։

Ահա թե ինչու հունվարի 27-ը՝ 1945 թվականին Օսվենցիմ-Բիրկենաու համակենտրոնացման և մահվան ճամբարի ազատագրման օրը, նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր։

Հոլոքոստը նացիստական Գերմանիայի, ինչպես իրենք էին անվանում՝ «Հրեական հարցի» «վերջնական լուծման» արդյունքն էր՝ եվրոպական հրեականության ոչնչացման համակարգված փորձերը։

Դա իրականացվում էր նացիստների ռազմական գործողություններից առանձին։ Իսկապես, «վերջնական լուծումը» հաճախ գերակայում էր ռազմական գործողությունները. չնայած առաջնագծում անձնակազմի և նյութական միջոցների սուր անհրաժեշտությանը, ոչ մի ջանք ու միջոց չէր շեղվում մահվան ճամբարների առջև դրված առաջադրանքից։ Ի վերջո, «վերջնական լուծումը» հանգեցրեց վեց միլիոն հրեաների սպանության։

Այսօր, երբ Երկրորդ աշխարհամարտի սարսափելի իրադարձությունները մարում են կենդանի հիշողություններում, մի շարք երկրներում աճում է Հոլոքոստի ժխտման և խեղաթյուրման միտումը։

«Անհավանական է թվում, որ Երկրորդ աշխարհամարտի և Հոլոքոստի ավարտից ավելի քան 75 տարի անց մարդիկ դեռ ժխտում և խեղաթյուրում են ցեղասպանության փաստերը՝ մարդկության պատմության լավագույնս փաստագրված զանգվածային վայրագություններից մեկը», ասել է Պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում Հոլոքոստի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլեն Ջերմեյնը։ «Մենք ունենք անհամար ապացույցներ, վերապրածների բազմաթիվ ցուցմունքներ և համակենտրոնացման ու մահվան ճամբարներն ազատագրած ականատեսների վկայություններ։ Այնուամենայնիվ, Հոլոքոստի ժխտումն ու խեղաթյուրումը շարունակվում են»։

Ըստ Հոլոքոստի հիշատակի միջազգային դաշինքի՝ «Հոլոքոստի ժխտումն ուղղված է Հոլոքոստի պատմությունը ջնջելուն՝ այդպիսով օրինականացնելով նացիզմը և հրեատյացությունը։ Հոլոքոստի խեղաթյուրումը Հոլոքոստի որոշ դրսևորումներ փաստացի ընդունում է։ Այնուամենայնիվ, տեղի է ունենում Հոլոքոստի արդարացում, նսեմացում կամ խեղաթյուրում տարբեր եղանակներով և տարբեր լրատվամիջոցների օգնությամբ»։

«Հոլոքոստի ժխտման և խեղաթյուրման դեմ պայքարը կարևոր է, քանի որ տեղի ունեցածի և դրա մեղսակիցների մասին փաստերը նսեմացնելու կամ կոծկելու բոլոր փորձերը անարգանք են Հոլոքոստի զոհերի և վերապրածների հանդեպ։ Դա կարևոր է, քանի որ այն ավելի է սրում հրեատյացությունը։ Դա կարևոր է, քանի որ այն կարող է նաև բորբոքել բռնի ծայրահեղականության կրակը», ասել է հատուկ դեսպանորդ Ջերմեյնը։

«Հոլոքոստի ժխտման և խեղաթյուրման դեմ պայքարը կարևոր է, քանի որ այն սպառնում է Հոլոքոստի պատմությունը հասկանալու և դրանից դասեր քաղելու մեր կարողությանը», ասել է նա։

««Այլևս երբեք»՝ սա ամենակարևոր բարոյական դասերից մեկն է, որ աշխարհը կարող է քաղել Հոլոքոստից»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG