Accessibility links

Breaking News

Ահաբեկչությունների համար պատասխանատու են ոչ միայն հութիները, այլև Իրանը


Իսրայել
Իսրայել

Հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Եմենի հարցով, Հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ-ն ներկայացնող դեսպան Ռոբերտ Վուդը դատապարտել է հութիների վերջին հարձակումները Իսրայելի վրա, որոնց հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։

«Այս գործողությունները միանշանակ ցույց են տալիս միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող աճող վտանգը, որը գալիս է հութիներից և Թեհրանում նրանց աջակիցներից։ Սրանք առանձին միջադեպեր չեն։ Նախորդ ամիսներին հութիները մոտ 200 հրթիռ և անօդաչուներ են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ անտեսելով, որ կարող են հարվածել խաղաղ բնակիչներին»։

Հութիները և նրանց դաշնակիցները պնդում են, որ Իսրայելի վրա հարձակումները և Կարմիր ծովի տարածաշրջանում առևտրային նավերի դեմ շարունակվող արշավը Գազայի բնակչության հետ համերաշխությանն ուղղված գործողություններ են։

«Իրականությունն այլ է»,- ասել դեսպան Վուդը։

«Հութիները ահաբեկիչներ են, որոնք հուսահատ կերպով փորձում են շեղել ուշադրությունը Եմենում իրենց աղետալի ձախողումներից: ... Միակ համապատասխան արձագանքը այս հարձակումները դատապարտելն ու դրանց դադարեցումը պահանջելն է։ Անհապաղ և անվերապահորեն»։

Դեսպան Վուդի խոսքով՝ շուտով հնարավոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիտարկի հավելյալ միջոցներ՝ ի պատասխան հութիների կողմից աճող սպառնալիքների։ «Նույնքան կարևոր է պարզել Իրանի դերը այս և այլ հարձակումներում և պատասխանատվության կանչել Իրանին»,- հայտարարել է նա։

«Բոլորս հստակ տեսնում ենք, որ Իրանը թույլ է տալիս հեռահար ու մահացու հարվածներ հասցնել Իսրայելին և տարածաշրջանի այլ երկրներին։ Նախնական գնահատականներով՝ հուլիսի 19-ին Թել Ավիվի վրա հարձակման ժամանակ օգտագործված անօդաչու թռչող սարքը իրանական արտադրության «Սամադ-3» անօդաչուն էր։ Կասկածից վեր է, որ Իրանի կողմից հութի ահաբեկիչներին այս և այլ մահաբեր զինատեսակների տրամադրումը խախտում է այս Խորհրդի բանաձևերը, այդ թվում, մասնավորապես, 2216 բանաձևով սահմանված զենքի նկատմամբ էմբարգոն»։

«[Անվտանգության] խորհրդի ցանկացած անդամ, որը խոչընդոտում է հութիներին և Իրանին պատասխանատվության ենթարկելուն, մասնակից է այս Խորհրդի բանաձևերի նկատմամբ վստահության խաթարմանը»,- ասել է դեսպան Վուդը։

Թել Ավիվի վրա հութիների հարձակումից հետո Իսրայելը հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքի մի շարք օբյեկտների։ Դեսպան Վուդը նշել է, որ պատճառված ավերածությունները «պարզապես վերջին օրինակն են, թե ինչպիսի գին են եմենցիները վճարում հութիների և Իրանի գործողությունների համար»։

«Չափազանց կարևոր է, որ բոլորս աշխատենք լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,- ասել է դեսպան Վուդը։ «Դրան հասնելու լավագույն միջոցը երաշխավորելն է, որ այս Խորհուրդը հանդես գա միասնական ճակատով՝ դատապարտելու հութիների գործողությունները և պատասխանատվության ենթարկելու նրանց»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG