Ալ-Ասադի կալանավայրերի մասին նոր վկայություններն ու տեսանյութերը վերստին աշխարհի առջև բացում են այն սարսափները, որոնց ներքո սիրիացիները ապրել են տասնամյակներ շարունակ՝ ասել է տիկին Էյրիխը։
«Ինչպես արձանագրել են ՄԱԿ-ի հետաքննության հանձնաժողովը, իրավապաշտպան կազմակերպությունները և սիրիական տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, Ասադի ռեժիմը համակարգված կերպով կիրառել է ձերբակալություններ, խոշտանգումներ և սարսափելի պայմաններ է ստեղծել՝ այլախոհներին պատժելու համար»։
«Մինչ մենք կիսում ենք Սիրիայում հազարավոր ձերբակալվածների ազատ արձակման և ընտանիքների վերամիավորման ուրախությունը, ցավով պետք է արձանագրենք, որ տասնյակ հազարավոր կալանավորներ համարվում են անհետ կորած»,- ասել է տիկին Էյրիխը։
«Սիրիայի մարդու իրավունքների ցանցի տվյալներով՝ Ասադի ռեժիմի կողմից կամայականորեն ձերբակալված, անհետ կորած մոտ 136 հազար անձանցից միայն 31 հազարն է ազատ արձակվել, մինչդեռ 105 հազարը դեռ համարվում է անհետ կորած»։
«Սիրիացի ընտանիքներին պետք է անհապաղ պատասխան տրվի իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ»,- ընդգծել է տիկին Էյրիխը։
«Կոչ ենք անում բոլոր գործընկերներին պահպանել փաստաթղթերը, հատկապես կալանավայրերից ստացվածները, և ապահովել դրանց հասանելիությունը միջազգային մարդասիրական կազմակերպություններին և հաշվետվողականության մարմիններին։ Նաև կոչ ենք անում [սիրիական] իշխանություններին ապահովել զանգվածային և գաղտնի գերեզմանների պահպանությունն այնքան ժամանակ, մինչև հնարավոր լինի դրանք բացել և դատաբժշկական փորձաքննություն իրականացնել՝ միջազգային լավագույն փորձի համապատասխան»։
Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի մարմինները պետք է օգնեն սիրիացիներին պատասխանատվության ենթարկել ալ-Ասադի ռեժիմի ներկայացուցիչներին և նրանց կողմնակիցներին՝ սիրիացի ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների և բռնությունների՝ ներառյալ քիմիական զենքի կիրառման, մարդկանց անհետանալու, խոշտանգումների և տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Օսթին Թայսին, անհիմն կալանքի տակ պահելու համար։
Միացյալ Նահանգները վերահաստատում է իր լիակատար աջակցությունը սիրիացիների կողմից իրականացվող և նրանց կողմից ընդունելի քաղաքական անցումային գործընթացին։ Այս անցումային գործընթացը պետք է հանգեցնի վստահարժան, ներառական և ներկայացուցչական կառավարության ստեղծմանը, որը կհամապատասխանի թափանցիկության և հաշվետվողականության միջազգային չափանիշներին, կհարգի մարդու իրավունքները, կձեռնարկի բոլոր միջոցները քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ փոքրամասնությունների խմբերի պաշտպանության համար, ինչպես նաև կհարգի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
«Տեսնում ու հարգում ենք այդ աշխատանքը, և այն բազմաթիվ զոհողությունները, որոնք արվել են՝ հասնելու սիրիացի ժողովրդի համար այս կենսական կարևոր շրջադարձային կետին»,- ասել է Կարա Էյրիխը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։