Accessibility links

Breaking News

Հակամարտությունների ժամանակ սեռական բռնության խնդրի լուծումը հրատապ է


Աննա Սոսոնսկան՝ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավարի տեղակալը սեռական բռնության գծով, և հոգեբան Վասիլ Հումենյուկը զրուցում են վերապրածի հետ՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը շարունակվում է, Խերսոնում, Ուկրաինա, դեկտեմբերի 9, 2022
Աննա Սոսոնսկան՝ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավարի տեղակալը սեռական բռնության գծով, և հոգեբան Վասիլ Հումենյուկը զրուցում են վերապրածի հետ՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը շարունակվում է, Խերսոնում, Ուկրաինա, դեկտեմբերի 9, 2022

Զինված հակամարտությունների ժամանակ ամենադաժան հանցագործություններից մեկը սեռական բռնությունն է, որը կիրառվում է նաև որպես հակառակորդին նվաստացնելու ու ահաբեկելու միջոց։

«Սեռական բռնությունը հնագույն ժամանակներից եղել է պատերազմի մարտավարություն»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ «Պատմության ընթացքում նրանք, ովքեր պատերազմել են, հատուկ թիրախավորել ու բռնության են ենթարկել կանանց ու աղջիկների՝ նրանց մարմիններին տիրելու, նաև՝ ժողովուրդներին նվաստացնելու, ահաբեկելու ու հնազանդեցնելու համար։ Սեռական բռնությունը շարունակում է մնալ ժամանակակից հակամարտությունների զարհուրելի մասը ողջ աշխարհում»։

«Ուկրաինայում՝ օկուպացված տարածքներում, ռուս զինվորները բռնաբարել են կանանց։ Իրաքում, երբ «Իսլամական պետության» [«Դաեշի»] զինյալները տասը տարի առաջ տարածքներ գրավեցին, կանանց ու աղջիկներին մատնեցին սեռական ստրկության՝ սպանելով նրանցից հազարավորներին։ Սուդանում շարունակվող հակամարտության [պայմաններում] կիսառազմական կազմավորումները ահաբեկում են կանանց ու աղջիկներին սեռական բռնություններով։ Հայիթիում ավազակախմբերը սեռական ոտնձգությունների են դիմում՝ բնակչությանը ենթակա դարձնելու նպատակով։ Նմանատիպ սարսափներ տեսել ենք Հարավային Սուդանում, Եթովպիայում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ … Իսկ անցած տարի՝ հոկտեմբերի 7-ին ականատես եղանք «Համասի» [զինյալների] կողմից սեռական բռնության սարսափելի գործողությունների»։

«Վերջին տարիներին միջազգային հանրությունը մեծ առաջընթաց է գրանցել՝ ճանաչելու, որ դա ոտնձգություն է խաղաղության, կայունության և մարդու իրավունքների նկատմամբ»,- ասել է փոխնախագահ Հարիսը։ «Միացյալ Նահանգները հպարտ է, որ Միավորված ազգերի կազմակերպությունում և ողջ աշխարհում առաջատար դեր է խաղում՝ բռնաբարության զոհերին բժշկական օգնության փաթեթներ տրամադրելով, վերապատրաստելով զինվորականներին ու խաղաղապահներին։ Բայց դա բավարար չէ, քանզի միջազգային մակարդակում հաշվետվողականության համակարգը մնում է անբավարար»։

«Միանշանակ, պետք է դատապարտելի լինի կակամարտության ժամանակ սեռական բռնությունը՝ անկախ նրանից, թե որտեղ և երբ է այն տեղի ունենում։ Պետք է ամրապնդենք համակարգերը՝ առաջնահերթ դարձնելու այն գործողությունների, որոնք աջակցում են տուժածներին, արդյունավետ փաստահավաք աշխատանքներ են տանում և նպաստում հետաքննությանը»։

Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը այս հունիսի 17-ին գործարկեց «Արժանապատվությունը փաստաթղթերում նախաձեռնություն» ծրագիրը, որը, այլ ծրագրերին զուգահեռ, կաջակցի ՄԱԿ-ի ջանքերին՝ վերջ տալ հակամարտությունների ժամանակ սեռական բռնությանը։

«Չափազանց երկար ժամանակ համակարգերը, լինեն դրանք իրավապահ, թե դատական, բավարար ուշադրություն չեն դարձրել հակամարտությունների պայմաններում սեռական բռնության խնդրին։ Եվ չափազանց երկար ժամանակ հետևանքները սահմանափակվել են սոսկ դատապարտումներով, ոչ թե պատասխանատվության կանչելով»։

«Եզրակացությունն այն է, որ սեռական բռնությունը որպես պատերազմի մարտավարություն օգտագործելը անընդունելի է»,- ասել է փոխնախագահ Հարիսը։ «Եվ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ցանկացած ձախողում բոլորիս ձախողումն է՝ համապատասխանելու համամարդկային նորմերին»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG