Accessibility links

Breaking News

ՄԱԿ-ը պետք է անդրադառնա Մերձավոր Արևելքի ճգնաժամին


United States Secretary of State Antony Blinken speaks during a Security Council meeting.
United States Secretary of State Antony Blinken speaks during a Security Council meeting.

Միացյալ Նահանգների համոզմամբ, Միավորված ազգերի կազմակերպությունը վճռորոշ դեր ունի մերձավորարևելյան ճգնաժամի հանգուցալուծման գործում, որն առաջացել է այս հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» ահաբեկչական գրոհի հետևանքով։

ԱՄՆ-ն «բանաձև է ներկայացրել, ուր սահմանվել են այն գործնական քայլերը, որոնք կարող ենք միասին ձեռնարկել՝ այդ նպատակին հասնելու համար»,- հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Նախ, բոլորս ճանաչում ենք ահաբեկչությունից պաշտպանվելու պետությունների իրավունքը։ Ահա, թե ինչու պետք է միանշանակ կերպով դատապարտենք «Համասի» բարբարոսական, ահաբեկչական հարձակումը Իսրայելի դեմ։ Նրանք՝ իրենց հետևից թողել են փամփուշտներից ծակծկված նորածինների մարմիններ։ Հետապնդել ու գնդակահարել են երիտասարդների, գլխատել մարդկանց, ողջ-ողջ այրել են ընտանիքներ՝ վերջին անգամ գրկախառնված, ծնողներին մահապատժի են ենթարկել իրենց երեխաների աչքի առաջ, երեխաներին մահապատժի են ենթարկել իրենց ծնողների աչքի առաջ, և բազմաթիվ պատանդներ են տարել Գազա»։

«Երկրորդ, բոլորս միակարծիք ենք քաղաքացիական բնակչության պաշտպանության կենսական անհրաժեշտության հարցում»,- հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

«Գիտենք, որ «Համասը» չի ներկայացնում պաղեստինցի ժողովրդին, և պաղեստինցի խաղաղ բնակիչները մեղավոր չեն «Համասի» իրականացրած արյունալի սպանդի համար։ Պաղեստինի քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի։ Սա նշանակում է, որ «Համասը» պետք է դադարեցնի օգտագործել նրանց որպես կենդանի վահան։ Ավելի մեծ ցինիզմ դժվար է պատկերացնել։ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ խուսափելու վնասել խաղաղ բնակչությանը։ Գազայի հատված ու կարիքավոր մարդկանց պետք է մատակարարվի սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնություն»։

Չափազանց կարևոր է, որ այս հակամարտությունը չընդլայնվի՝ ընդգծել է պետքարտուղար Բլինքենը։

«Ուստի, կոչ ենք անում [ՄԱԿ-ի] բոլոր անդամ-պետություններին՝ հստակ միասնական ուղերձ հղել ցանկացած պետական կամ ոչ պետական դերակատարի, որը դիտարկում է Իսրայելի դեմ այս հակամարտությունում մեկ այլ ճակատ բացելու հնարավորությունը, կամ որը կարող է թիրախավորել Իսրայելի գործընկերներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին։ Մի՛ արեք դա։ Կրակի վրա յուղ մի՛ լցրեք»։

«Միացյալ Նահանգները չի ձգտում Իրանի հետ հակամարտության»,- հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։ «Բայց եթե Իրանը կամ նրա հովանու ներքո գործող երկրները որևէ վայրում հարձակում գործեն ԱՄՆ [զինուժի] անձնակազմի վրա, չկասկածեք, մենք կպաշտպանենք մեր ժողովրդին, մենք կապահովենք մեր անվտանգությունը՝ արագ և վճռական կերպով»։

Եվ վերջապես, «բոլորս համակարծիք ենք, որ պետք է կրկնապատկենք մեր հավաքական ջանքերը՝ իսրայելցիների ու պաղեստինցիների միջև [առկա] հակամարտությանը կայուն քաղաքական լուծում գտնելու համար»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։

Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են ավելի խաղաղ ու անվտանգ ապագա ապահովել տարածաշրջանի համար։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG