Accessibility links

Breaking News

Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան և իրավիճակը Սիրիայում


Ապրիլի 29-ին լրացավ Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 25-ամյակը։

1997 թվականին միջազգային հանրությունը որոշում կայացրեց ամբողջությամբ արգելել քիմիական զենքի օգտագործումը, քանի որ այդ զենքերը զանգվածաբար սպանում և խեղում են մարդկանց՝ պատճառելով սարսափելի տառապանքներ։

«Քառորդ դարի ընթացքում Միացյալ Նահանգները և մյուս երկրները, որոնք կիսում են ավելի անվտանգ աշխարհի նկատմամբ մեր հավատարմությունը, ձգտել են զերծ պահել աշխարհը քիմիական զենքից և կանխել դրա կիրառումը ցանկացած մեկի կողմից, ցանկացած վայրում և ցանկացած հանգամանքներում», վերջերս հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլսը։

Այդուհանդերձ, վերջին տարիներին Կոնվենցիայի դրույթների պահպանման հետ կապված խնդիրներ են ծագում, հատկապես՝ Սիրիայում։ Սեփական ժողովրդի, այդ թվում՝ անմեղ քաղաքացիների դեմ բազմիցս քիմիական զենք կիրառելուց հետո բախվելով միջազգային հանրության զայրույթին՝ սիրիական վարչակարգը 2013 թվականին համաձայնեց միանալ Կոնվենցիային, հայտարարագրել իր ունեցած ամբողջ քիմիական զենքը և ոչնչացնել այն։ «Ցավոք, մենք այժմ գիտենք, որ Սիրիայի հայտարարագիրը ամբողջական չէր», ասել է դեսպան Միլսը։

«Սիրիան, որպես Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի մասնակից պետություն, համաձայնել է երբեք և ոչ մի պարագայում քիմիական զենք չօգտագործել։ Այնուամենայնիվ, անկախ զեկույցներից մենք հավաստիորեն գիտենք, որ Ասադի վարչակարգը Կոնվենցիային միանալուց հետո առնվազն ութ անգամ քիմիական զենք է կիրառել սեփական ժողովրդի դեմ»։

Իրական պատկերը է՛լ ավելի մռայլ է։ Հետաքննվում են այլ միջադեպեր, և Միացյալ Նահանգների գնահատմամբ՝ Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր Ասադի վարչակարգը առնվազն 50 անգամ քիմիական զենք է օգտագործել։

«Սիրիան խախտում է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները, Ասադի վարչակարգն այս պալատում կողմնակալության անհեթեթ մեղադրանքներ է հնչեցնում ՔԶԱԿ-ի [Քիմիական զենքի արգելման կազմակերպություն] անկախ և պրոֆեսիոնալ փորձագետների հասցեին՝ նրանց եզրակացությունները հարցականի տակ դնելու և ապացուցված փաստերից շեղելու իր անհաջող փորձում»։

Իրավիճակն ավելի է վատթարացնում այն հանգամանքը, որ Ռուսաստանը «շարունակում է կեղծիքներ տարածել՝ փորձելով արժեքազրկել ՔԶԱԿ-ը՝ բազմիցս օգտագործելով Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքը, որպեսզի զերծ պահի Սիրիային կատարած վայրագությունների համար պատասխանատվությունից», նշել է դեսպան Միլսը։

Մի շարք հարձակումներից հետո ռուս պաշտոնատար անձինք և Կրեմլի կողմից վերահսկվող լրատվամիջոցները անմիջապես ապատեղեկատվության արշավներ սկսեցին, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, որպեսզի սիրիական վարչակարգի վրայից մեղքը հանեն և փորձեն այն բարդել այլ երկրների վրա։

«Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ կոչ է անում Սիրիային … կատարել Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները», ընդգծել է դեսպան Միլսը։

«Դա ներառում է ՔԶԱԿ-ի աշխատանքին խոչընդոտելու դադարեցումը և երկրի քիմիական զենքի պաշարների ու միջազգային վերահսկողության ներքո ոչնչացման ծրագրի մասին ամբողջական տեղեկատվության բացահայտումը», հավելել է նա։

«Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին գործել պատասխանատվությամբ և դադարեցնել Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան արժեզրկելու իր փորձերը՝ պաշտպանելով Սիրիային իր կողմից քիմիական զենքի աններելի կիրառման համար պատասխանատվությունից»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG