Սպիտակ տան ղեկավարը գործադիր հրամանագրով դադարեցրել է ԱՄՆ-ի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին (ՄԱԿ ՄԻԽ) և արգելել ապագայում որևէ ֆինանսավորում հատկացնել Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը (UNRWA)։
Գործադիր հրամանագիրը նաև պարտավորեցնում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին վերլուծել և զեկուցել նախագահ Թրամփին այն միջազգային կազմակերպությունների, կոնվենցիաների կամ պայմանագրերի մասին, որոնք խթանում են արմատական կամ հակաամերիկյան տրամադրություններ։
Սպիտակ տան տեղեկագրում նշվում է․ «Հատկապես, ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) կանցնի արագացված ստուգում՝ հակաիսրայելական կողմնապահության իր պատմության պատճառով»։
Գործադիր հրամանագրով արգելվում է Միացյալ Նահանգների կողմից որևէ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել UNRWA-ին, «որը հետևողականորեն ցուցաբերել է հակասեմական և հակաիսրայելական դիրքորոշում, ինչի վկայությունն է դրա աշխատակիցներից մի քանիսի մասնակցությունը [2023 թվականի] հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ սարսափելի ահաբեկչական հարձակումներին»,- նշված է տեղեկագրում։ Բացի այդ, «UNRWA-ի օբյեկտները բազմիցս օգտագործվել են «Համասի» և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից՝ զենք պահելու և թունելներ կառուցելու համար»։
ԱՄՆ-ն UNRWA-ի ամենամեծ դոնորն է եղել՝ հատկացնելով տարեկան 300-400 միլիոն դոլար։ Սակայն Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենը դադարեցրեց ֆինանսավորումը 2024 թվականի հունվարին, երբ բացահայտվեց UNRWA-ի աշխատակիցների մասնակցությունը հրեական պետության դեմ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի արյունալի հարձակմանը։ Այնուհետև, ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես կասեցրեց UNRWA-ին տրամադրվող ֆինանսավորումը առնվազն մինչև 2025 թվականի մարտ։ UNRWA-ում բացահայտված կոռուպցիայի լույսի ներքո՝ նախագահ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերջնականապես դուրս է գալիս այդ կազմակերպությունից։
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հետամուտ չի եղել իր նպատակի իրականացմանը և շարունակում է օգտագործվել որպես պաշտպանական մարմին այն երկրների համար, որոնք կատարում են մարդու իրավունքների սարսափելի խախտումներ»,- ասված է տեղեկագրում։ «Իրանի, Չինաստանի և Կուբայի նման երկրները օգտվում են ՄԱԿ ՄԻԽ-ից՝ իրենց պաշտպանելու համար, չնայած մարդու իրավունքների խախտումների և չարաշահումների աղաղակող փաստերի առկայությանը»։
Տեղեկագրում նաև ասված է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը «հետևողականորեն դրսևորել է կողմնակալ վերաբերմունք Իսրայելի նկատմամբ՝ այդ ուղղությամբ անարդարացի և անհամաչափ կերպով ուշադրություն սևեռելով խորհրդի նիստերի ընթացքում»։
Իր առաջին նախագահության ընթացքում նախագահ Թրամփը դադարեցրել է UNRWA-ի ֆինանսավորումը և դուրս բերել Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ՄԻԽ-ից և ՅՈՒՆԵՍԿՕ-ից, ինչը նպաստեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավմանը՝ ասված է տեղեկագրում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ թեև ՄԱԿ-ն ունի «մեծ ներուժ», այն «վատ է կառավարվում»։ Կոչ է արել կազմակերպությանը «համախմբվել և կարգի բերել իր գործերը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։