Accessibility links

Breaking News

ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ


Վեց տարի առաջ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեկնարկեց Գլոբալ զարգացման լաբորատորիան, որի նպատակն է վերջ դնել ծայրահեղ աղքատությանը՝ գիտության, տեխնոլոգիայի, նորարարության և գործընկերային հարաբերությունների ավելի հզոր ջանքերի գործադրմամբ։

«Լաբորատորիայի գործունեությունն ուղղված է ոչ թե ծրագրերի իրականացմանը, այլ ծրագրերի բարելավման և արդյունավետության բարձրացման ուղիների որոնմանը, ինչպես նաև ապահովելու ծրագրերի ավելի թափանցիկ հաշվետվողականությունը ոչ միայն ամերիկացի հարկատուի, այլև զարգացման միջոցառումների շահառուների համար», ասել է Գլոբալ զարգացման լաբորատորիայի բյուրոյի գործադիր տնօրեն Հարի Բեյդերը։

«Մենք ընդգրկում ենք միջազգային զարգացման բոլոր ոլորտները և տարածաշրջանները, որտեղ աշխատում են ԱՄՆ ՄԶԳ-ն և մեր միջազգային գործընկերները։ Ուստի լաբորատորիան օգտագործում է գիտության, նորարարությունների և թվային տեխնոլոգիաների լայն հնարավորությունները՝ կյանքի կոչելու զարգացման նպատակների լայն շրջանակ, որը ներառում է պայքար համաճարակների և հիվանդությունների, ծայրահեղ աղքատության և անգրագիտության դեմ պայքար, ինչպես նաև ամբողջ աշխարհում ժողովրդավարության, բազմազանության նկատմամբ հանդուրժողականության խթանում և քաղաքացիական կազմակերպությունների կարողությունների զարգացում։

Լաբորատորիան ծառայում է որպես նորարարական կենտրոն ամբողջ ԱՄՆ ՄԶԳ-ի համար։

«Մեր գործունեությունը հիմնվում է աշխարհի ավելի քան հարյուր համալսարանների կոնսորցիումների գիտական հետազոտությունների վրա»։

«Հասկանալի է, որ միայն մեր գործակալությունը չի կարող պատասխաններ գտնել մարդկության և դրա զարգացման վերաբերյալ բոլոր մտահոգող հարցերին։ Այդ իսկ պատճառով փորձում ենք հարյուրից ավելի համաշխարհային հետազոտական կոնսորցիումների գիտական ներուժն ուղղել իրական խնդիրների լուծմանը», ասել է տնօրեն Բեյդերը։

«Զարգացող երկրների միջազգային գիտական համայնքի հետ համագործակցող ամերիկացի գիտնականներին գործընկերային ծրագրի միջոցով օգնում ենք իրագործել իրենց միջազգային գիտահետազոտական համատեղ նախագծերը, որպեսզի այդ համայնքը կարողանա զարգացնել հավասար ներդրումներ ունենալու իր սեփական ներուժը և կարողությունները»։

Տնօրեն Բեյդերը խոսել է նաև «Նորարարության ձեռնարկությունների զարգացում» կոչվող առաջատար ծրագրի մասին։

«Դա մշտական գործող բաց համակարգ է, որտեղ ցանկացած ոք, աշխարհի բոլոր անկյուններից, ցանկացած թեմայով և իրեն հարմար ժամանակ կարող է ներկայացնել լավ գաղափար՝ լաբորատորիայի հետ համագործակցելու համար։ Դա ապացուցահեն գործընթաց է, որի շրջանակներում ֆինանսավորվում են որոշակի նվաճումները, ինչպես նաև կարողությունների զարգացման և ոչ ավանդական գործընկերների ներգրավման միջոցառումները, որպեսզի վերջինները հավասարապես նպաստեն իրենց երկրի կամ այլ երկրների զարգացմանը»։

«Մենք խթանում ենք թվային գործիքների, արհեստական բանականության, նոր ալգորիթմների, հաշվետվության համակարգերի, կրիպտոարժույթի բլոկ շղթաների կիրառումը», - ասել է տնօրեն Հարի Բեյդերը, «միջազգային զարգացման ավելի լավ, մատչելի և արագ գործընթաց ապահովելու համար»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG