Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը

Մարտին Լյութեր Քինգ կրտսերի հուշահամալիրը` Վաշինգտոնում
Մարտին Լյութեր Քինգ կրտսերի հուշահամալիրը` Վաշինգտոնում

Յուրաքանչյուր տարվա հունվարի երրորդ երկուշաբթի օրը ամերիկացիները հարգանքի տուրք են մատուցում վերապատվելի դոկտոր Մարտին Լյութեր Քինգ-կրտսերի հիշատակին։

Ալաբամա նահանգից բապտիստական հոգևորական, դոկտոր Քինգը ԱՄՆ քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդն էր, որը հանդես էր գալիս ոչ բռնի միջոցներով հասարակական փոփոխությունների օգտին։ Այս հունվարի 15-ին նա կդառնար 96 տարեկան։

Մարտինի ծննդավայրում ռասայական սեգրեգացիան և խտրականությունն ամրագրված էին պետական օրենքով։ ԱՄՆ-ի հարավային նահանգների մեծ մասում գործում էին այսպես կոչված «Ջիմ Քրոուի օրենքները»՝ տեղական և նահանգային օրենսդրական ակտեր, որոնք օրինականացնում էին ռասայական տարանջատումը և սահմանում ոչ սպիտակամորթ բնակչության վարքի կանոններ։

Դոկտոր Քինգի ուղերձն էր՝ ինչպես Աստվածաշնչում է նշված, բոլոր մարդիկ ստեղծվել են հավասար՝ Աստծո պատկերով և նմանությամբ։ Քաղաքացիական իրավունքների շարժման համար իր ընտրած կարգախոսի համաձայն՝ նա ձեռնամուխ եղավ «փրկել Ամերիկայի հոգին»։

Հավատալով, որ «փոփոխություն ինքնաբերաբար տեղի չի ունենում, այլ լինում է մշտական պայքարի արդյունքում», դոկտոր Քինգը կազմակերպում էր զանգվածային բոյկոտներ, նստացույցեր, խաղաղ երթեր և քաղաքացիական անհնազանդության այլ՝ ոչ բռնի գործողություններ։

Դոկտոր Քինգը մի անգամ ասել է. «Նա, ով խախտում է օրենքը, որն ըստ իր խղճի անարդար է, և ով պատրաստակամորեն ընդունում է ազատազրկման պատիժը, որպեսզի համայնքի խիղճը արթնացնի օրենքի անարդարության դեմ, իրականում դրսևորում է ամենաբարձր հարգանքը օրենքի նկատմամբ»։

Այդ պատճառով ակտիվիստները երբեմն միտումնավոր, բայց խաղաղ ու հարգալից կերպով խախտում էին օրենքներ, որոնք ուղղված էին սպիտակամորթ քաղաքացիներին ոչ սպիտակամորթներից տարանջատմանը՝ այդպիսով փորձելով ուշադրություն հրավիրել նման օրենսդրության անարդարության վրա։

Դոկտոր Քինգի ամենամեծ նվաճումներից էր 1964 թվականի Քաղաքացիական իրավունքների ակտի ընդունումը, որն անօրինական էր համարում աշխատանքի խտրականությունն ու հանրային վայրերում սեգրեգացիան, ինչպես նաև 1965 թվականի Ընտրական իրավունքի ակտի ընդունումը։ Այս երկու հաղթանակները մեծ ազդեցություն ունեցան ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ողջ աշխարհում։

Դոկտոր Քինգը մի անգամ ասել է. «Խավարը չի կարող վերացնել խավարը, միայն լույսը կարող է դա անել։ Ատելությունը չի կարող վերացնել ատելությունը, միայն սերը կարող է դա անել»։

Այս խոսքերով նա առաջնորդվում էր իր ողջ կյանքում, բայց ի վերջո, մեկ այլ մարդու ատելությունը խլեց նրա կյանքը երիտասարդ տարիքում։ Նա ընդամենը երեսունինը տարեկան էր, երբ 1968 թվականի ապրիլի 4-ին մարդասպանի գնդակը վերջ դրեց նրա կյանքին։ Սակայն նրա թողած ժառանգությունը շարունակում է ապրել։ Ժամանակի ընթացքում ռասայական տարանջատման բոլոր օրենքները վերացվեցին, իսկ խտրականությունը դարձավ օրինականորեն պատժելի և իրապես անօրեն արարք։

Դոկտոր Քինգի կյանքը, թերևս, լավագույնս ամփոփված է իր իսկ խոսքերով. «Կարևորը մարդու կյանքի որակն է, ոչ թե տևողությունը»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

Պաղեստինցին մարդասիրական օգնության պարկեր է տեղափոխում Գազայի հատվածի հարավային Ռաֆահում գտնվող UNRWA-ի բաշխման կենտրոնում 2024 թվականի մարտի 3-ին:
Պաղեստինցին մարդասիրական օգնության պարկեր է տեղափոխում Գազայի հատվածի հարավային Ռաֆահում գտնվող UNRWA-ի բաշխման կենտրոնում 2024 թվականի մարտի 3-ին:

Իսրայելի հետ հակամարտության ընթացքում ««Համասը» բազմիցս օգտագործել է քաղաքացիական ենթակառուցվածքները, օրինակ՝ դպրոցներն ու հիվանդանոցները, զենքի համար որպես պահեստ ծառայեցնելու, գրոհայիններին տեղակայելու և Իսրայելի վրա հարձակումները համակարգելու համար»,- ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Դորոթի Շի:

Այդուհանդերձ, «Իսրայելի պայքարը «Համասի» դեմ է, ոչ թե խաղաղ պաղեստինցիների, որոնց, իբր, ներկայացնում է այդ ահաբեկչական խմբավորումը»։

«Նույնիսկ «Համասի» դեմ պայքարի ժամանակ՝ Իսրայելը բարոյական պարտավորություն ունի կանխելու քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը։ Չենք ցանկանում, որ հիվանդանոցները դառնան բռնության վայրեր։ Ոչ ոք չի շահում այդ իրավիճակից, առավել ևս՝ խաղաղ բնակիչները, որոնք չեն սկսել այս հակամարտությունը և չունեն այն դադարեցնելու միջոցներ, բայց ունեն բժշկական օգնության խիստ կարիք»։

«Իսրայելի համար շատ կարևոր է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ քաղաքացիական բնակչության վնասը կանխելու համար»,- ասել է դեսպան Շին։

Բացի այդ, քանի որ «Գազայում չափազանց շատ քաղաքացիական անձինք քաղցած են, չունեն դեղորայք, մաքուր խմելու ջուր կամ պատշաճ կացարան, … Իսրայելին հստակ հասկացրել ենք, որ նրանք պետք է ավելին անեն՝ այս կանխարգելելի հումանիտար խնդիրները լուծելու համար»։

«Բացահայտ նշել ենք այն կոնկրետ քայլերը, որոնք ակնկալում ենք Իսրայելից, այդ թվում՝ դեպի Գազա պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մատակարարումների ավելացումը՝ հաշվի առնելով, որ ձմեռ է։

Գազայում չպետք է լինի բռնի տեղահանություն կամ սովի տանող քաղաքականություն, ինչը լուրջ հետևանքներ կունենա ինչպես ԱՄՆ օրենքների, այնպես էլ միջազգային իրավունքի տեսանկյունից։

Մենք պետք է հասնենք մարդասիրական օգնության մատակարարումների անհապաղ ավելացմանը։ Միայն աջակցության, սննդի, մաքուր ջրի և բժշկական պարագաների կայուն հոսքը Գազա կթեթևացնի իրավիճակը և կմեղմի պարենային անվտանգության աղետալի մակարդակը»։

«Առջևում մեզ սպասվում է բարդ աշխատանք հրադադարի հաստատման ուղղությամբ։ Պաղեստինի իշխանության՝ առանց «Համասի» Գազայի վերականգնմանն ուղղված ջանքերին օժանդակելու մարտահրավերը ահռելի է»,- ասել է դեսպան Շին։

«Այնուամենայնիվ, առաջին հերթին պետք է զբաղվենք հումանիտար անհետաձգելի իրավիճակով։ Քանի որ վտանգված են կյանքեր՝ Գազայում խաղաղ պաղեստինցիների կյանքը և պատանդների կյանքը, որոնք սոսկալի տառապանքների են ենթարկվել այն պահից, երբ «Համասը» [2023 թվականի] հոկտեմբերի 7-ին սկսեց այս սարսափելի հակամարտությունը»։

«Անհրաժեշտ է հասնել նրան, որ պաղեստինցիները ձգտեն ապագայի՝ հիմնված ինքնորոշման, արժանապատվության և անվտանգության վրա։ Անհրաժեշտ է հասնել նրան, որ Իսրայելն իրեն ապահով զգա իր սահմաններում»,- ընդգծել է դեսպան Շին։

«Միացյալ Նահանգները շարունակում է հրադադարի և պատանդների ազատման գործարքի ուղղությամբ ջանքեր գործադրել, որոնք հնարավորություն կտան ավելացնել պաղեստինցի խաղաղ բնակիչների համար անհրաժեշտ կենսական օգնությունը։ Պարզապես դա միակ ելքն է, որը կբերի տարածաշրջանում կայուն խաղաղության և հանդարտության»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

Load more

XS
SM
MD
LG