
Յուրաքանչյուր տարվա հունվարի երրորդ երկուշաբթի օրը ամերիկացիները հարգանքի տուրք են մատուցում վերապատվելի դոկտոր Մարտին Լյութեր Քինգ-կրտսերի հիշատակին։
Ալաբամա նահանգից բապտիստական հոգևորական, դոկտոր Քինգը ԱՄՆ քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդն էր, որը հանդես էր գալիս ոչ բռնի միջոցներով հասարակական փոփոխությունների օգտին։ Այս հունվարի 15-ին նա կդառնար 96 տարեկան։
Մարտինի ծննդավայրում ռասայական սեգրեգացիան և խտրականությունն ամրագրված էին պետական օրենքով։ ԱՄՆ-ի հարավային նահանգների մեծ մասում գործում էին այսպես կոչված «Ջիմ Քրոուի օրենքները»՝ տեղական և նահանգային օրենսդրական ակտեր, որոնք օրինականացնում էին ռասայական տարանջատումը և սահմանում ոչ սպիտակամորթ բնակչության վարքի կանոններ։
Դոկտոր Քինգի ուղերձն էր՝ ինչպես Աստվածաշնչում է նշված, բոլոր մարդիկ ստեղծվել են հավասար՝ Աստծո պատկերով և նմանությամբ։ Քաղաքացիական իրավունքների շարժման համար իր ընտրած կարգախոսի համաձայն՝ նա ձեռնամուխ եղավ «փրկել Ամերիկայի հոգին»։
Հավատալով, որ «փոփոխություն ինքնաբերաբար տեղի չի ունենում, այլ լինում է մշտական պայքարի արդյունքում», դոկտոր Քինգը կազմակերպում էր զանգվածային բոյկոտներ, նստացույցեր, խաղաղ երթեր և քաղաքացիական անհնազանդության այլ՝ ոչ բռնի գործողություններ։
Դոկտոր Քինգը մի անգամ ասել է. «Նա, ով խախտում է օրենքը, որն ըստ իր խղճի անարդար է, և ով պատրաստակամորեն ընդունում է ազատազրկման պատիժը, որպեսզի համայնքի խիղճը արթնացնի օրենքի անարդարության դեմ, իրականում դրսևորում է ամենաբարձր հարգանքը օրենքի նկատմամբ»։
Այդ պատճառով ակտիվիստները երբեմն միտումնավոր, բայց խաղաղ ու հարգալից կերպով խախտում էին օրենքներ, որոնք ուղղված էին սպիտակամորթ քաղաքացիներին ոչ սպիտակամորթներից տարանջատմանը՝ այդպիսով փորձելով ուշադրություն հրավիրել նման օրենսդրության անարդարության վրա։
Դոկտոր Քինգի ամենամեծ նվաճումներից էր 1964 թվականի Քաղաքացիական իրավունքների ակտի ընդունումը, որն անօրինական էր համարում աշխատանքի խտրականությունն ու հանրային վայրերում սեգրեգացիան, ինչպես նաև 1965 թվականի Ընտրական իրավունքի ակտի ընդունումը։ Այս երկու հաղթանակները մեծ ազդեցություն ունեցան ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ողջ աշխարհում։
Դոկտոր Քինգը մի անգամ ասել է. «Խավարը չի կարող վերացնել խավարը, միայն լույսը կարող է դա անել։ Ատելությունը չի կարող վերացնել ատելությունը, միայն սերը կարող է դա անել»։
Այս խոսքերով նա առաջնորդվում էր իր ողջ կյանքում, բայց ի վերջո, մեկ այլ մարդու ատելությունը խլեց նրա կյանքը երիտասարդ տարիքում։ Նա ընդամենը երեսունինը տարեկան էր, երբ 1968 թվականի ապրիլի 4-ին մարդասպանի գնդակը վերջ դրեց նրա կյանքին։ Սակայն նրա թողած ժառանգությունը շարունակում է ապրել։ Ժամանակի ընթացքում ռասայական տարանջատման բոլոր օրենքները վերացվեցին, իսկ խտրականությունը դարձավ օրինականորեն պատժելի և իրապես անօրեն արարք։
Դոկտոր Քինգի կյանքը, թերևս, լավագույնս ամփոփված է իր իսկ խոսքերով. «Կարևորը մարդու կյանքի որակն է, ոչ թե տևողությունը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։